Երկարատև՞ է այս հարաբերությունը

Ապահո՞վ է արդյոք իմ հարաբերությունն Աստծո հետ

Մեր կյանքում հարաբերություններ են լինում, որոնք շատ կարճ են տևում։ Մեր կյանքում տեղի են ունենում ամուսնալուծություններ, մենք կորցնում ենք ընկերներ և հարաբերություններ։ Միգուցե դու մտածում ես, թե ինչպիսին է քո և Աստծո այս նոր հարաբերությունը։ Որքա՞ն կտևի այն։

Աստված խոստանում է մեզ. «Չեմ թողնի քեզ և երեսից չեմ գցի» (Եբրայեցիներին 13.5)։ Երբ մենք հավատում ենք Հիսուսին, հրավիրում ենք Նրան մեր կյանք, դառնում ենք Նրա զավակը և հավիտյան հանգիստ գտնում Նրա սիրո մեջ։

Մենք չենք վաստակել Աստծո հետ փոխհարաբերությունը, ոչ էլ կարող ենք պայքարով այն պահել։ Աստվածաշունչը հստակ ասում է, որ այն պահից, երբ հավատացինք Հիսուսին, Աստված ընդունեց մեզ։

«Այսինքն՝ Աստծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հավատքից է, այն ամենի համար է և ամենի վրա, որ հավատում են, որովհետև խտրություն չկա։ Որովհետև ամենքը մեղանչեցին և Աստծո փառքից պակասեցին։ Ձրի են արդարանում նրա շնորհքով՝ այն փրկության ձեռքով, որ Հիսուս Քրիստոսումն է։ Որին Աստված սկզբից սահմանեց քավություն լինելու համար՝ հավատալով նրա արյունին, որ իր արդարությունը ցույց տա՝ այն սկզբից գործած մեղքերի թողության համար՝ Աստծո ներելու ժամանակին» (Հռոմեացիներին 3.22-24)։

Այս խոսքերը կօգնեն քեզ հասկանալ, թե ինչպիսն է քո հարաբերությունն այժմ Աստծո հետ։

Նախքան քրիստոնյա դառնալը

Ահա թե ինչպես է բնութագրում Աստվածաշունչն այն մարդկանց, որոնք դեռևս Քրիստոսին չեն ընդունել։

  • Աստծո թշնամիներ (Հռոմեացիներին 5.10)
  • անօգնական (Հռոմեացիներին 5.6)
  • անաստված (Հռոմեացիներին 5.6)
  • մեղավոր (Հռոմեացիներին 5.8)
  • կորած (Մատթեոս 18.11)
  • թշվառ (Հայտնություն 3.17)
  • կույր (Բ Կորնթացիներին 4.4)
  • Աստծո դատաստանին արժանի (Հովհաննու 3.36)
  • մեռած մեղքերի մեջ (Եփեսացիներին 2.1)
  • անմիտ, կրքերի գերի (Տիտոս 3.3)
  • չարիք գործող (Կողոսացիներին 1.21)
  • Աստծուց հեռու (Եփեսացիներին 2.13)
  • անհույս (Եփեսացիներին 2.12)
  • խավարի մեջ քայլող (Հովհաննու 8.12)

Քրիստոնյա դառնալուց հետո

Քրիստոսին մեր կյանքում ընդունելուց հետո մենք ունենք նոր կյանք և նոր հարաբերություն Աստծո հետ։ Ահա թե ինչ է ասում Աստվածաշունչը նրանց մասին, ովքեր ընդունել են Քրիստոսին։ Այժմ

  • խաղաղություն ունենք Աստծո հետ (Հռոմեացիներին 5.1)
  • Աստծո զավակ ենք (Հովհաննու 1.12)
  • ներված ենք (Կողոսացիներին 1.14)
  • մոտ ենք Աստծուն (Եփեսացիներին 2.13)
  • կնքված ենք Սուրբ Հոգով (Եփեսացիներին 1.13)
  • խավարի մեջ չենք ապրում (Եփեսացիներին 5.8)
  • Նրա արքայության քաղաքացի ենք (Կողոսացիներին 1.13,14)
  • սիրված ենք Աստծո կողմից (Ա Հովհաննու 4.9,10, Հովհաննու 15.9)
  • ունենք հավիտենական կյանք (Հովհաննու 3.16)
  • ապահով ենք Աստծո սիրո մեջ (Հռոմեացիներին 8.38,39)
  • փրկված ենք Աստծո շնորհքով (Եփեսացիներին 2.8,9)
  • Քրիստոսը բնակվում է մեր սրտերում (Եփեսացիներին 3.17)
  • ընտրված ենք Աստծո կողմից (Եփեսացիներին 1.4,5)
  • մահից փոխադրվել ենք կյանքի (Հովհաննու 5.24)
  • կենդանի ենք Քրիստոսի մեջ (Եփեսացիներին 2.15)
  • արդար ենք Աստծո առաջ (Բ Կորնթացիներին 5.21)
  • ունենք հոգատար Հովիվ (Հովհաննու 10.27)

Հիսուսն ասել է. «…ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանի» (Հովհաննու 6.37)։ Մեկ այլ հատվածում ասում է. «Եվ Ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, և նրանք հավիտյան չեն կորչի, և ոչ ոք չի հափշտակի նրանց իմ ձեռքից։ Իմ Հայրը, որ նրանց տվեց ինձ, ամենից մեծ է, և ոչ ոք չի կարող իմ Հոր ձեռքից հափշտակել նրանց» (Հովհաննու 10.28-30)։ Նրա հետ մենք ապահով ենք։

«Եվ հաստատ համոզված եմ նրանում, թե Նա, որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի էլ մինչև Հիսուս Քրիստոսի օրը» (Փիլիպեցիներին 1.6)։

Հիսուսն ամբողջությամբ վճարեց մեր մեղքի պատիժը։ Հիսուսը վճարել է մեր մեղքի գինը։ Երբ որ մենք երախտապարտ սրտով ընդունում ենք Նրան մեր կյանքում, փափագում ենք հանձնվել Նրան, Նա մեզ դարձնում է իր զավակները, ներում և ընդունում է մեզ։

Մեր հարաբերությունն ապահով է

Մեր հարաբերությունն ապահով է ոչ թե մեր գործերի շնորհիվ, այլ Աստծո էության և Հիսուսի մահի շնորհիվ։ Հիսուսը վերականգնեց մեր հարաբերությունը, վճարեց մեղքի պատիժը և կանգնեց մեր և Աստծո միջև։ Հիսուսը, մեր մեղքն իր վրա վերցնելով, մեզ դարձրեց իր զավակները, ներեց մեր մեղքերը, բնակություն հաստատեց մեր մեջ և արդարացրեց մեզ։ Դժբախտաբար, մենք դեռևս մեղանչում ենք։ Կլինեն իրավիճակներ, երբ մենք կընտրենք կատարել ոչ թե Աստծո, այլ մեր կամքը։ Բայց սա չի խաթարում մեր և Աստծո փոխհարաբերությունը։ Մեր փոխհարաբերությունը հաստատ է, որովհետև Աստված խոստացել է. «Արդ մենք, հավատքով արդարացած լինելով, Աստծո հետ խաղաղություն ունենք մեր Տեր Յիսուս Քրիստոսի ձեռքով» (Հռոմեացիներին 5.1)։

Փրկությունը բացառապես Աստծո պարգևն է, որը ստանում ենք հավատքով։ Հենց այդ պահին մենք սկսում ենք Աստծո հետ մեր հավիտենական փոխհարաբերությունը։ Մեր փոխհարաբերությունը Քրիստոսի հետ կախված չէ մեր սրբությունից, հավատքի մակարդակից, զոհերից, բարի գործերից կամ կրոնական ծեսերից։ Աստված չի կամենում, որ մենք կենտրոնանանք մեր գործերի վրա։ Նա փափագում է, որ մեր հայացքը միշտ սևեռենք Հիսուս Քրիստոսի վրա։

Ի տարբերություն աշխարհում ունեցած բոլոր հարաբերությունների՝ մեր և Աստծո փոխհարաբերությունն ապահով է, որովհետև Աստված ինքն է նախաձեռնել այն և Նա հավատարիմ է հավիտյանս հավիտենից։ Ա Կորնթացիներին 1.9-ում կարդում ենք. «Հավատարիմ է Աստված, որի ձեռքով կանչվեցիք դեպի նրա Որդու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղորդությունը»։