Ինչպես է Աստված փոխում մեզ
Ժամանակ առ ժամանակ բոլորս էլ հանդիպում ենք խնդիրների։ Մեր կյանքում կան ոլորտներ, որոնք փոփոխության կարիք ունեն։ Միգուցե շատ ձախողումներ ենք ունեցել։ Միգուցե հիասթափվել ենք ինքներս մեզնից։ Ինչպե՞ս է Աստված վերաբերվում այս ամենին։ Կարո՞ղ ենք ազատվել այդ վատ սովորություններից և իրապես փոխվել։ Այո՛։ Երբ հասկացա, թե ինչ է շնորհքը, իմ կյանքը հիմնովին փոխվեց։ Հավատում եմ, որ քոնը ևս կարող է փոխվել։
Ի՞նչ ես պատկերացնում, երբ լսում ես «շնորհք» բառը։ Լավագույն հապավումը Ջոզեֆ Կուկինն է։ Նա գրել է. «Շնորհքը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեր` նույնիսկ անկատարի, տկարության, ձախորդության, մեղքի … Ժամանակ»։1
Ի՞նչ է շնորհքը
Շնորհքն այն է, ինչը ստիպում է Աստծուն մեր մեղքերի և անօրենությունների համեմատ չվարվել մեզ հետ։ Այն Աստծո հավատարմությունն է մեր նկատմամբ, անգամ` երբ մենք հավատարիմ չենք։ Իրականում սերը հենց այսպիսին պետք է լինի, անգամ երբ արժանանում է անբարեսեր, անգութ, անպարկեշտ վերաբերմունքի։ Աստված պատրաստ է արձագանքել մեր կարիքներին նաև այն ժամանակ, երբ մենք չենք արժանացել դրան։ Այն չվաստակած բարեհաճություն է։
Աստծո շնորհքը ողողում է մեզ սիրով, բարությամբ, օգնում է մեզ հաճություն գտնել մարդկանց առաջ։ Դու չես կարող վաստակել այն։ Դու պարզապես պետք է փոխհարաբերություն ունենաս Նրա հետ, որպեսզի ստանաս այն։
Մենք շնորհքի կարիքն ունենք ամենից շատ այն ժամանակ և այն ոլորտներում, որտեղ տեսնում ենք որևէ բան սխալ է, օրինակ՝ վատ սովորություններ, որոշումներ, վատ պահվածք, որոնց պատճառով ամաչում ենք և վախենում Նրա դատապարտությունից։ Եթե Քրիստոսին ընդունել ենք մեր սրտում, ուրեմն մենք Նրան ենք պատկանում, ներված ենք և գտնվում ենք Նրա շնորհքի ներքո։ Նրա շնորհքն է ազատում և փոխում մեզ։ Ահա թե ինչու է այդքան կարևոր իմանալ, թե ինչ է ասում Աստվածաշունչը շնորհքի մասին։
Բոլորս գիտենք, որ մեր ներսում երկու էություն կա՝ լավ և վատ։ Երբ լավ բան ենք անում, մի բան մեր ներսում ուզում է, որ ողջ աշխարհը տեսնի։ Իսկ երբ վատ բան ենք անում, մենք ցանկանում ենք թաքցնել այն, քանի որ ամաչում ենք։
Մենք ապրում ենք մի մշակույթում, որտեղ քարոզվում է ինքնազարգացումը։ Մենք ժամանակ և էներգիա ենք ծախսում՝ վերլուծելու և հասկանալու, թե ինչպես կարող ենք բարելավել մեր կյանքի այս կամ այն ոլորտը։ Մենք նոր գնումներ ենք անում, մարզասրահ գնում՝ մեր ժամանակն ու էներգիան կենտրոնացնելով այն ոլորտի վրա, որը, մեր կարծիքով, բարելավման կարիք ունի։ Իսկ այն, ինչը չենք կարող փոխել կամ բարելավել, պարզապես թաքցնում ենք։
Թաքնվել ամոթի պատճառով
Պատահե՞լ է, որ ինչ-որ մեկի հետ ծանոթանալու և շփվելու ընթացքում սրտիդ խորքում մտածել ես. «Հուսով եմ՝ այս մասին նա ոչինչ չի իմանա»։ Կամ միգուցե ասել ես ընկերոջդ. «Խնդրում եմ, իմ այս հատկանիշի մասին ոչինչ չասես»։ Հաճախ կարծում ենք, թե Աստված էլ մեզ նման է։ Կարծում ենք, որ պետք է թաքցնենք Նրանից մեր վատ կողմերը։ Ինչևէ, եթե փորձենք թաքցնել մեր էության բացասական կամ անընդունելի կողմերը, մենք կկորցնենք Աստծո հետ անկեղծ փոխհարաբերությունը և մեր ինքնությունը։ Աստված մեզ նման չէ։ Նրա ճանապարհները մեր ճանապարհները չեն։ Նա ոչ թե ընդունում է մեր լավ կողմերը և մերժում վատը, այլ՝ ընդունում է մեզ այնպիսին, ինչպիսին որ կանք։ Նա մեզ որպես երկու առանձին մարդ չի նայում։ Նա ասում է. «Մի՛ փորձիր փոխել ինքդ քեզ։ Դու չես կարող։ Որքան էլ փորձես և որևէ արդյունքի հասնես, բավարար չի լինի, քանի որ Ես կատարյալ եմ։ Հանձնվի՛ր ինձ քո թե՛ լավ, թե՛ վատ կողմերով, և Ես քեզ ամբողջական կդարձնեմ»։
Ինչպե՞ս փորձառել Աստծո շնորհքը
Դժվար է հասկանալ շնորհքը՝ առանց հասկանալու օրենքը։ Մենք գիտենք, որ Աստծո օրենքը, պատվիրանները և ճանապարհները կատարյալ են։ Բայց պետք է խոստովանենք, որ դրանք հաճախ մեզ համար դժվար են թվում։ Ի՞նչ անել օրենքի և պատվիրանների հետ։ Օրենքը մեր հայելին է։ Երբ նայում ենք հայելու մեջ, հանկարծ նկատում ենք, որ մեր դեմքին ինչ-որ բիծ կա, որը չէինք տեսել։ Հայելին չի մաքրի բիծը, բայց այն ցույց կտա, որ բիծ կա։ Նմանապես Աստծո օրենքը հայտնում է մեր թերությունները և մեղքերը։ Իսկ մենք շնորհակալությամբ բերում ենք դրանք Աստծո առաջ՝ խնդրելով օգնել մեզ։ Գաղատացիներին 3.24-ում կարդում ենք. «Ուրեմն օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոսը, որ հավատքից արդարանանք»։ Երբ գալիս ենք Քրիստոսին, գիտակցում ենք, որ այդ պահին Փրկչի կարիքն ունենք։ Իրականում, մենք Նրա կարիքն ունենք ողջ կյանքի ընթացքում։ Եբրայեցիներին 4.13-16 հատվածն ասում է. «Եվ չկա մի արարած աներևույթ Նրա երեսից, բայց ամենն էլ մերկ և բաց են Նրա աչքերի առաջին, որի հետ է մեր բանը։ Արդ որովհետև մեծ Քահանայապետ ունենք երկինքներով անցած՝ Աստծո Որդի Հիսուսին, պինդ բռնենք դավանությունը։ Որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեր նմանությամբ, բայց՝ առանց մեղքի։ Ուրեմն համարձակությունով մոտենանք շնորհքի աթոռին, որ ողորմություն ընդունենք և շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու»։
Ե՛կ անկեղծությամբ և խոնարհությամբ
Մենք կարող ենք շնորհք ստանալ, երբ անկեղծությամբ և խոնարհությամբ գանք շնորհաց գահի առաջ։ Ճշմարտությամբ գալու հակառակը թաքնվելն է և լույսի մոտ չգալը։ Ես ցանկանում եմ անկեղծ լինել քեզ հետ և կիսվել իմ կյանքից մի դրվագով։ Մի ոլորտ կար իմ կյանքում, որը կարիք ունեի շնորհքի գահի մոտ տանելու։ Խոսքը սնունդի մասին էր։ Սա միշտ խնդրահարույց է եղել իմ կյանքում։ Փոքր ժամանակ ես գեր չեմ եղել։ Երբ 10-րդ դասարանում էի սովորում, ընկերներս, որոնք սովորաբար ինձնից նիհար էին, միշտ բողոքում էին իրենց քաշից՝ ասելով, որ գեր են։ Ես մտածում էի, որ եթե նրանք, ինձնից նիհար լինելով, ցանկանում են նիհարել, ուրեմն՝ ես հաստատ շատ գեր եմ։ Այդ ժամանակ ես 53 կիլոգրամ էի կշռում։ Այդ պահից ուտելն ինձ համար մեծ խնդիր դարձավ։ Երբ մտածում էի հրաժարվել որևէ կերակրատեսակից, ավելի շատ էի ուզում ուտել այն։ Մայրս էլ ասում էր. «Եթե դա չուտես, հագուստդ ավելի գեղեցիկ կդիտվի։ Ինչո՞ւ չես նիհարում»։ Մի օր նա նույնիսկ բժշկի տարավ ինձ։
Երբ քոլեջում էի սովորում, գնում էի այն ուտելիքը, որն ինձ չէր կարելի և թաքցնում էի այն։ Ես շոկոլադը պահում էի դարակիս մեջ։ Մի անգամ տորթի մի մեծ կտոր էի թաքցրել մահճակալիս տակ։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկն ասում էր, որ չպետք է ուտեմ որևէ բան, ես ցանկանում էի 10 հատ ուտել դրանից։ Մեր քոլեջի մոտակայքում երկու արագ սննդի կետ կար։ Գնում էի այնտեղ, պատվիրում չիզբուրգեր, ֆրի և կոլա ու ուտում էի։ Այնուհետև մեքենայով գնում էի մյուս կետը, կրկին պատվիրում չիզբուրգեր, ֆրի և շեյք։ Ես ամաչում էի նույն տեղից այդքան շատ բան պատվիրել, այդ պատճառով երկու տեղ էի գնում։ Երբ շատ ժամանակ չէի ունենում, կանգնում էի դրամարկղի մոտ և ասում. «Ինձ տվեք չիզբուրգեր, ֆրի և կոլա»։ Հետո կարծես թե բարձրաձայն վերհիշում էի. «Իսկ ընկերս ի՞նչ ուզեց։ Խնդրում եմ, տվեք համբուրգեր, ֆրի և կոլա»։ Ես տպավորություն էի ստեղծում, որ երկու հոգու համար եմ գնում։ Դուրս էի գալիս և ամբողջն ուտում։ Ես թաքուն էի անում։ Ես ստում էի։
Ազատվել ամոթից
Երբ Քրիստոսին հրավիրեցի իմ կյանք, Նա ընդունեց ինձ այնպիսին, ինչպիսին ես կայի։ Տարիների ընթացքում Նա աստիճանաբար բժշկեց ինձ սնունդի հանդեպ ունեցած իմ վերաբերմունքից։ Ես շատ էի ուտում։ Տերը կարողացավ ազատել ինձ որկրամոլությունից։ Ես պայքարում էի զուտ մտքով։ Օրինակ՝ ես պետք է ելույթ ունենայի Կոլորադոյի Քեյսթոն քաղաքում՝ երիտասարդական համագումարում։ Ես որոշում էի. «Մինչև այնտեղ գնալս պետք է նիհարեմ»։ Փորձում էի և չէի կարողանում։ Ես մտածում էի. «Լավ, կսկսեմ հաջորդ շաբաթվանից»։ Մինչև մոտենում էր հաջորդ համագումարի օրը, կրկին հիշում էի, որ պետք է տասը կիլոգրամ նիհարեմ։ Որքան փորձում էի, այնքան չէր ստացվում։ Մի օր ես կիսվեցի ընկերոջս հետ։ «Քե՛յ, ես հուսահատված եմ։ Ինձ անհանգստացնում է իմ քաշը։ Ուզում եմ նախքան Քեյսթոն գնալը տասը կգ նիկարել»։ Ես ասացի նրան, թե որքան էի կշռում այդ պահին։ Նա նայեց ինձ և ասաց. «Նե՛յ, ի՞նչ ես կարծում, եթե ավելի նիհար լինես, նրանց ավելի՞ շատ դուր կգաս»։ Ես կարկամեցի և ասացի. «Միգուցե, այո՛։ Իմ ներսում մի բան կա, որ այդպես է կարծում»։ Նա նայեց ինձ և ասաց. «Նե՛յ, ես քեզ սիրում եմ այնպիսին, ինչպիսին դու կաս։ Ինձ համար տարբերություն չկա, թե քանի կիլոգրամ ես կշռում»։ Ես սկսեցի լաց լինել։ Երբ ճշմարտությունը բացահայտեցի իմ ընկերոջ առաջ, Նա ինձ շնորհքի օրինակ ցույց տվեց։ Այդ պահից նոր ոգևորությամբ և եռանդով սկսեցի նիհարել։
Այն, ինչ չէր կարող անել օրենքը, արեց շնորհքը։ Եբրայեցիներին 13.9-ում կարդում ենք. «Որովհետև լավ է, որ սիրտը շնորհքով հաստատվի»։ Աստված նույն կերպ կվարվի մեզ հետ, եթե Նրա առաջ գնանք անկեղծությամբ։
Ղուկասի ավետարանի 18.9-14 հատվածում Հիսուսը մի առակ է պատմում. «Երկու մարդ վեր ելան տաճար՝ աղոթք անելու։ Մեկը փարիսեցի էր, մյուսը՝ մաքսավոր։ Փարիսեցին առանձին կանգնած այսպես էր աղոթում. «Ո՛վ Աստված, գոհանում եմ Քեզնից, որ ուրիշ մարդկանց նման չեմ՝ հափշտակող, անիրավ, շնացող կամ էլ՝ ինչպես այս մաքսավորը։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և իմ բոլոր ստացվածքից տասանորդ եմ տալիս»։ Եվ մաքսավորը հեռու կանգնած իր աչքերն էլ չէր կամենում դեպի երկինք բարձրացնել, այլ իր կուրծքը ծեծում էր և ասում. «Ո՛վ Աստված, ողորմիր ինձ՝ մեղավորիս»»։ Քիչ անց Հիսուսը բացատրեց առակի նշանակությունը։ «Ասում եմ ձեզ, թե նա արդարացած իջավ իր տունը, քան թե մյուսը, քանի որ նա, ով ինքն իրեն բարձրացնում է, կխոնարհվի, իսկ նա, ով իրեն խոնարհեցնում է, կբարձրանա»։
Ե՛կ անկեղծությամբ և հավատքով
Եթե չխոնարհվենք և չընդունենք Նրա շնորհքը, հարաբերություն չենք ունենա Նրա հետ։ Եթե անկեղծությամբ Նրա առաջ գանք և ներկայացնենք մեր տկար կողմերը, Նա կօգնի և Իր շնորհքով կլրացնի մեր կարիքը։ Աստված չի պահանջում, որ մեր ուժերով փոխվենք։ Նա պարզապես ուզում է, որ Իր առջև գնանք անկեղծությամբ և հավատքով և մեր բոլոր հոգսերը Նրան հանձնենք (Ա Պետրոս 5.5-7)։
«Առողջ» են այն քրիստոնյաները, որոնք գիտեն իրենց թերությունները և պաշտպանվելու փոխարեն այսպես են ասում. «Տե՛ր, ողորմիր ինձ՝ մեղավորիս»։
Փարիսեցիները ջանում էին սուրբ լինել և օրենքը պահել, բայց նրանց շարժառիթը մարդկանց տպավորելն էր։ Հիսուսը նրանց անվանում էր «ծեփած գերեզմաններ»։ Նրանք արտաքնապես լավ տեսք ունեին, բայց ներսից մեռած էին, և նրանց սիրտը ուղիղ չէր Հիսուսի նկատմամբ։ Օրինակ՝ նրանք ծայրահեղ էին, երբ խոսքը վերաբերում էր «շաբաթ օրը որևէ գործ անելուն»։ Երբ Հիսուսը կարեկցեց հիվանդին և բժշկեց նրան շաբաթ օրը, փարիսեցիները քննադատեցին Հիսուսին։ Երբեմն ավելի հեշտ է «հարաբերություն» ունենալ օրենքի հետ, քան Տիրոջ հետ։ Սատանայի նպատակն էլ հենց սա է. մղել մեզ կենտրոնանալ օրենքի, պատվիրանների վրա, ոչ թե Հիսուս անձի։
Ուզո՞ւմ ենք արդյոք փորձառել Աստծո շնորհքը։ Մենք պետք է անկեղծ և խոնարհ լինենք։ Հակոբոս 4.6-ում կարդում ենք. «Աստված ամբարտավաններին հակառակ է կանգնում, բայց խոնարհներին շնորհք է տալիս»։
Տարիներ առաջ մի կին սեմինարի ավարտին մոտեցավ ինձ։ Նրա դեմքին տխրություն էր դրոշմված, նա շատ ընկճված և դատապարտված տեսք ուներ։ Զրույցի ընթացքում հասկացա, որ թեպետ Քրիստոսին ընդունել էր իր կյանքի մեջ, մի վատ սովորություն ուներ, որից խիստ ամաչում էր։ Նա շարունակ փորձել էր ազատվել դրանից, բայց՝ ապարդյուն։ Նա չէր կարողանում հրաժարվել։ Թեպետ շատ անգամ էր որոշել և փորձել, բայց չէր ստացվել։ Ամեն անգամ նա իրեն մեղավոր և դատապարտված էր զգում։ Ես բացատրեցի, որ սատանան ուզում է, որ մենք մեղք գործենք, որպեսզի կարողանա խոցել և դատապարտել մեզ։ Հարցրի, թե արդյոք այս հարցը բերե՞լ է Տիրոջ մոտ։ Պատասխանը բացասական էր։ Նա ամաչում էր իր սովորությունից, այդ պատճառով չէր աղոթել դրանից ազատվելու համար։ Ես ասացի. «Հաջորդ անգամ, երբ կրկին այդպես վարվես, մեկուսանալու, ինքդ քեզ դատապարտելու փոխարեն, օգտագործելով հենց այդ մեղքը, հիշեցրու ինքդ քեզ, որ Աստված սիրում է քեզ»։ Ես խորհուրդ տվեցի նրան հաջորդ անգամ այսպես աղոթել. «Տե՛ր, գիտեմ, որ պատկանում եմ Քեզ։ Շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ։ Հիսուս Քրիստոսի արյունը մաքրում է ինձ բոլոր մեղքերից։ Տե՛ր, ես գիտակցում եմ իմ մեղքը, բայց ոչինչ չեմ կարող անել, եթե դու չզորացնես։ Իմ կամքը և անձը հանձնում եմ Քեզ։ Խնդրում եմ, արա իմ մեջ այն, ինչը չեմ կարող առանց քեզ անել»։
Միասին աղոթեցինք և շնորհակալություն հայտնեցինք Աստծուն Նրա շնորհքի և խաղաղության համար։ Ակնհայտ էր, որ այդ կինն ուզում էր ապաշխարել և ազատվել այդ մեղքից։ Վերջում ես խնդրեցի նրան կապի մեջ լինել ինձ հետ։ Մի քանի ամիս անց նամակ ստացա նրանից, որում գրել էր, որ արել է այնպես, ինչպես խորհուրդ էի տվել։ «Նե՛յ, այն, ինչ անհանգստացնում էր ինձ, սկսել է անհետանալ իմ կյանքից այս ամիսների ընթացքում»։ Մեղքը բռնել էր նրան։ Նա հեռու էր շնորհքից։ Երբ նա խոնարհվեց Տիրոջ առաջ, ինչպես նաև խոնարհեցրեց իր անձն իմ առաջ, բացահայտեց մեղքը և բերեց Աստծո շնորհքի լույսի ներքո, նա ազատություն ստացավ։
Հավատա՛, որ ստանաս
Եբրայեցիներին 4.13-ում կարդում ենք. «Եվ չկա մի արարած աներևույթ նրա երեսից, բայց ամենն էլ մերկ և բաց են նրա աչքերի առաջին, որի հետ է մեր բանը»։ Հռոմեացիներին 5.20 խոսքում կարդում ենք. «Բայց օրենքը մեջ ընկավ, որ հանցանքը շատանա։ Բայց ուր որ ավելի եղավ մեղքը, այնտեղ ավելի ևս շատացավ շնորհքը»։ Աստծո շնորհքը պետք է հավատքով ընդունել։ Մենք պետք է հավատանք Աստծո Խոսքին, որն ասում է, որ շնորհքը տրվել է մարդկանց, որը պետք է հավատքով ընդունել։ Ինչ-որ մեկն ասել է, որ շնորհքն ընդունելու մեկ նախապայման կա. պետք է հավատալ։ Մենք պետք է վստահությամբ արձագանքենք Աստծո ամեն մի ասածին, և Նա կգործի մեր կյանքում։
Եթե միայն կարողանանք հավատալ, որ Աստված վստահելի է, եթե միայն կարողանանք հավատալ, որ Նրա սերը բացարձակ իրականություն է, իսկ բարությունը՝ անսահման, եթե միայն կարողանանք հավատալ, որ Նա մեզ լիարժեք կյանք է խոստացել, ապա Նա կանի այն, ինչ ծրագրել է անել։ Նա կհասնի մեր սրտի ամենախորը անկյուններին։ Նրա շնորհքը կարող է վերափոխել մեզ։ Նա կարող է հպվել իմ սրտի ամենանուրբ լարերին և ինձ նոր մարդ դարձնել։ Աստված ինքն է կամենում անել այդ մեր կյանքում։ Նա ասում է. «Որովհետև սա է այն ուխտը, որ կդնեմ Իսրայելի տան հետ այս օրերից հետո,- ասում է Տէրը,- Ես կտամ իմ օրենքները նրանց մտքի մեջ և նրանց սրտերի վրա կգրեմ դրանք։ Եվ նրանց կլինեմ Աստված, և նրանք կլինեն ինձ ժողովուրդ» (Եբրայեցիներին 8.10)։ Աստծո շնորհքը կարող է անել մեր կյանքում այն, ինչը չկարողացավ անել օրենքը։ Բ Կորնթացիներին 3.18 խոսքն ասում է. «Բայց մենք ամենքս, բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուց»։ Վերափոխումը ընթացք է։ Երբ վստահում ենք Աստծուն և հնազանդվում Նրա Խոսքին, Նա ազատ կլինի վերափոխել մեր սրտերը և մտքերը։ Պետք է հասկանանք, որ այս փոփոխությունը մեկ ակնթարթում չի կատարվելու։ Այն ընթացք է։
Լյուիս Սպերրի Չաֆերը մի հետաքրքիր գիրք է գրել շնորհքի մասին։ Գրքում ասվում է. «Աստծո Խոսքի վկայությունը, փրկությունը, աստվածային շնորհքը ստանալու նախապայմանը թե՛ հիմա, թե՛ հավիտենության մեջ, հավատքն է»։
Ինչպե՞ս է Աստված փոխում մեզ շնորհքով
Ինչպե՞ս փորձառենք Աստծո շնորհքը։ Մենք Աստծուն գալիս ենք մեր թուլություններով, տկարություններով, մեղքերով և ձախողումներով։ Մենք ընտրում ենք հավատալ Նրա սիրուն ու կարողությանը և հանգիստ գտնում Նրա շնորհքով։ Արդյունքում մենք հասունանում ենք։
Բ Պետրոս 3.18 խոսքն ասում է. «Եվ աճեցեք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհքով և գիտությունով»։ Ղուկաս 15-րդ գլխում նկարագրված է անառակ որդու առակը։ Որդին թողեց իր տունը և վատնեց հոր հարստությունը։ Սակայն, ի վերջո, հասկացավ, որ չի կարող առանց իր հոր ապրել և հիշեց հոր բարությունը (17-րդ խոսք)։ «Եվ ինքն իրեն գալով ասաց. «Քանի՜ վարձկաններ ունի իմ հայրը՝ հացով լցված, և ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ, գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ։ Եվ այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Ինձ քո վարձկաններից մեկի պէս արա»։ Նա խոնարհվեց և գնաց հոր մոտ։ Այս անգամ նա արդեն անկեղծ էր։ Հետաքրքիրն այն է, որ ավագ եղբորը դուր չեկավ դա։ Ավագ որդին, որը մեղադրում էր հորը շնորհքի չարաշահման մեջ, ներկայացնում է օրինապաշտությունը։ Ավագ որդին պնդում էր, որ իր եղբայրը չէր պահել օրենքը, նա արժանի չէր հոր բարեհաճությանը։ Այնինչ, հայրը սիրում էր անառակ որդուն՝ անկախ բոլոր հանգամանքներից։ Աստծո հետ հարաբերությունն ավելի զորավոր է, քան օրենքը։ Սատանան փորձում է մեզ կապել օրենքի հետ, որպեսզի մեզ միշտ մեղավոր և դատապարտված զգանք։ Հռոմեացիներին 8.1 խոսքում կարդում ենք, որ «Դատապարտություն չկա Քրիստոս Հիսուսում լինողներին»։ Շնորհքով մենք ունենք ավելին, քան մեր հնարավորություններն են։ Սուրբ Հոգին մեզ հետ է՝ զորացնելու մեզ Հոր կամքը կատարելու համար։ Հոգով լցված կյանք ապրել նշանակում է ամեն օր ավելի ճանաչել ու հասկանալ Նրա շնորհքը։ Երբ մենք ընկնում ենք, շնորհքն է, որ մեզ նորից մոտեցնում է Աստծուն։ Մենք պետք է գիտակցենք և խոստովանենք մեր մեղքը և խնդրենք Աստծուն փոխել ու հասունացնել մեզ։ Խաչի վրա Հիսուսը մահացավ մեր մեղքերի ու տկարությունների համար։ Մենք մեղավոր էինք, և Նա վճարեց մեր մեղքի պատիժը։ Երբ խոստովանում ենք մեր մեղքերը, մենք ընդունում ենք մեր սխալը և խաչի զոհով ներումը։ Աստծո զավակ լինել նշանակում է խոնարհ ու անկեղծ լինել նաև մեր մեղքի նկատմամբ և ընդունել Նրա շնորհքը։
Ջոն Փաուելն ասել է. «Մենք կարծում ենք, որ սիրված լինելու համար պետք է փոխվենք, հասունանանք և լավ պահվածք ունենանք»։
Ամբողջությամբ չբացվելը կարող է խանգարել մեր լիակատար բժշկությանը։ Եթե ուզում ենք հասունանալ, պետք է անկեղծ լինենք։ Աստծո շնորհքը մեզ թույլ է տալիս հանդիպել Աստծուն և Նրա Խոսքի լույսի ներքո բերել մեր իրական վիճակը։ Իմանալով, որ մենք սիրված և ընդունված են Նրա կողմից, կարող ենք գնալ Աստծո մոտ այնպես, ինչպես կանք, որպեսզի Նա կարողանա օգնել մեզ լինել ազատ (Հովհաննու 8.32) և ունենալ լիարժեք կյանք (Հովհաննու 10.10)։
Դատապարտություն չկա
Մի երիտասարդ կին եկավ ինձ մոտ խորհրդատվության։ Ինչպես նա էր նկարագրում, նա հաճախակի ստամոքսի կծկումներ էր ունենում, սարսափելի ցավ էր զգում և չէր կարողանում քնել։ Նա իրեն դատապարտված և նվաստացած էր զգում և սարսափելի վախենում էր։ Նրա այսպիսի ապրումների պատճառը անառակությունն էր։ Նա գիտեր, որ Աստված գարշում է անառակությունից։ Նա սատանայի թակարդն էր ընկել, բայց չէր համարձակվում որևէ մեկի հետ կիսվել, քանի որ վախենում էր մերժվելուց։ Նա գլուխը խոնարհեց և պատմեց ողջ պատմությունը։ Նա ոչինչ չթաքցրեց, քանի որ օգնության կարիք ուներ։ Նա շատ խղճալի վիճակում էր հայտնվել իր մեղքի պատճառով։ Նա զղջում էր։ Իմ ներկայությամբ նա խոստովանեց իր մեղքը Տիրոջը և ընդունեց Նրա ներումը և շնորհքը։ Նա խոստովանեց, որ նախքան իմ մոտ գալը կարծես «ներքին զգացմունքների բանտում» էր զգում, բայց մերժման փոխարեն գտավ սեր և ընդունելություն։
Մի քանի ամիս անց նամակ ստացա նրանից։ Նա գրում էր. «Իմ կապանքներն արձակվել են, բանտի դուռը բացվել է, իմ ուսերից մի մեծ բեռ է ընկել։ Ես ազատություն և թարմություն եմ զգում։ Երբ ձեզ մոտ էի, ոչինչ չարեցի։ Դուք արեցիք ամեն բան։ Դուք ցույց տվեցիք ինձ Աստծո սերը, ներումը և ընդունելությունը»։
Երբ ինձ մոտ էր, ես խնդրել էի նրան որոշակի ժամանակ հաշվետու լինել ինձ, որը, ինչպես գրել էր իր նամակում, ծանր չէր նրա համար։ Նա իրեն ապահով էր զգում, քանի որ հաշվետու է մեկի առաջ, ով իրեն շնորհք է ցույց տվել։ Նա լրացուցիչ օգնություն ստացավ, խորությամբ գիտակցեց իր կարիքը։ Նա խոստովանեց, որ շնորհքն իր համար այլևս աստվածաբանական տերմին չէր, այլ՝ փորձառություն։ Բարի, սուրբ, կատարյալ օրենքը հայելու նման ցույց տվեց նրան իր մեղքը։ Նա հոժարվեց խոնարհվել։ Նա խոստովանեց։ Նա ճշմարտությունն ասաց իրեն, ինձ և Տիրոջը։ Երբ նա հոժարվեց գալ, Տիրոջ շնորհքը գտավ նրան ճիշտ ժամանակին։ Մեղքը խոնարհությամբ և անկեղծությամբ Տիրոջ լույսի ներքո բերելը թույլ տվեց նրան ստանալ Աստծո շնորհքը և ազատ լինել։
Մտածի՛ր քո սեփական օրինակների վրա։ Կա՞ն ոլորտներ, որտեղ դու դատապարտված կամ մերժված ես զգում, որտեղ դու զգում ես, որ թերի ես։ Մենք պետք է խոնարհությամբ և անկեղծությամբ գանք Տիրոջ մոտ և Նրան ներկայացնենք տկարությունները։ Թաքնվելու կարիք չկա։ Ստելու կարիք չկա։ Դատապարտված զգալու կարիք չկա։
«Ուրեմն, հիմա դատապարտություն չկա Քրիստոս Հիսուսում լինողների համար, որ մարմնավորապէս չեն վարվում, այլ հոգևորապես։ Որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում ազատեց ինձ մեղքի և մահի օրենքից։ Որովհետև այն, որ անկարելի էր օրենքին…. Աստված, իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունով և մեղքի համար, մեղքին դատապարտեց այն մարմնում։ Որ օրենքի արդարությունը կատարվի մեզանում, որ մարմնավորապես չենք վարվում, այլ՝ հոգևորապես (Հռոմեացիներին 8.1-4)։
«...ամենքդ իրար հնազանդվելով խոնարհությունը հագեք։ Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Խոնարհվեք Աստծո հզոր ձեռքի տակ, որ ձեզ բարձրացնի իր ժամանակին։ Ձեր բոլոր հոգսերը նրա վրա գցեցեք, որովհետև նա հոգում է ձեզ համար (Ա Պետրոս 5.5-7)։
«Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ է մեզ հակառակ։ Նա, որ Իր միածին Որդին չխնայեց, ….ուրեմն ինչպե՞ս ամեն բան չի շնորհի Նրանով։ Քրիստոսը, որ ….. Աստծո աջ կողմում մեզ համար բարեխոսում է։ Ո՞վ կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց… Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահ, ո՛չ կյանք, … ո՛չ մեկ ուրիշ ստեղծված բան չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսում է» (Հռոմեացիներին 8.31-39)։
(1) «Շնորհքի կյանք փոխող զորությունը», հեղինակ՝ Ջոզեֆ Ռ. Կուկ։
Այս հոդվածը վերցված է Նեյ Բեյլի «Հավատքը զգացմունք չէ» գրքից։ Օգտագործված է հեղինակի թույլտվությամբ։
Լրացուցիչ ընթերցանության համար՝ «Փոփոխություններ, որ բժշկում են», հեղինակ՝ Դր. Հենրի Քլաուդ Զոնդերվան։