Ի՞նչ է ակնկալում Աստված ինձանից

Հավանաբար շատ քրիստոնյաների նման դու էլ փորձում ես հաճեցնել Աստծուն։ Բայց պետք է խոստովանենք, որ երբեմն հոգնում ես քրիստոնեական կյանքից։ Երբեմն պարզապես շատ ծանր է թվում։

Երբ ես աթեիստ էի, մեղքն ինձ չէր անհանգստացնում։ Ես տեղյակ էլ չէի մեղքից։ Ես մեղքի զգացում չունեի։ Բայց երբ քրիստոնյա դարձա, այդ ժամանակ ես հայտնաբերեցի, որ բաներ կան իմ կյանքում, որ Աստծուն հաճելի չեն։ Ես նաև իմացա, որ պետք է սիրեմ մարդկանց, Աստվածաշունչ կարդամ, աղոթեմ, վկայեմ, աշակերտեմ և այլն։ Երբեմն մտածում էի, որ կյանքն ավելի հեշտ էր, երբ աթեիստ էի։ Այժմ, երբ ճանաչում եմ Աստծուն, ես մեծ պատասխանատվություն էի զգում` հաճեցնելու Նրան։ Ես կարդում էի Աստվածաշունչը, Աստծո պատվիրանները և ամեն անգամ մտածում. «Հրաշալի է։ Պետք է այսպես վարվեմ»։

Բարեբախտաբար, Սուրբ Գիրքն այլ բան է սովորեցնում։ Այն ազատել է ինձ խիստ պատասխանատու լինելու մարդկային մտածելակերպից, ինչի արդյունքում ես վայելում եմ իմ և Աստծո փոխհարաբերությունը։ Մի սկզբունք կա, որը գտնում ենք Հռոմեացիներին, Գաղատացիներին, Եփեսացիներին, Կորնթացիներին ուղղված նամակներում, ավելի ճիշտ՝ ողջ Աստվածաշնչում։

Ահա թե որն է այդ սկզբունքը։ Աստված քեզանից կատարելություն չի պահանջում։ Աստված քեզանից անկարելի բան չի պահանջում։ Աստված երբեք էլ չի մտածել, որ դու կարող ես ապրել քրիստոնեական կյանքը՝ Իր սուրբ չափանիշներին համապատասխան։ Եթե Նա մտածեր, որ դու կարող ես, երկիր չէր գա և չէր խաչվի քեզ համար։ Այնինչ՝ Նա այդպես էլ արեց։

Հիսուսը սովորեցնում էր բազմությանը. «Սուրբ եղե՛ք, ինչպես ձեր երկնավոր Հայրն էլ կատարյալ է»։ Ճշմարիտ է, որ Աստծո օրենքը, պատվիրանները պահանջում են կատարելություն։ Եվ եթե ցանկանայինք ընդունված լինել Աստծո կողմից՝ ապրելով իր կանոնների համաձայն, պետք է կատարյալ լինեինք։ Այդ պատճառով Հիսուսը եկավ, որ փրկի մեզ մեր մեղքի պատիժը կրելուց։

Աստված գիտի, որ Իր կատարելության և մեր անօրինության միջև մեծ անդունդ կա։ Անգամ քրիստոնյա դառնալով՝ մենք փորձում ենք ճեղքել այդ անդունդը, որպեսզի ավելի հարմարավետ զգանք, ավելի մոտ լինենք Աստծուն։ Ոմանք փորձում են ճեղքել այդ անդունդը՝ իջեցնելով Աստծո չափանիշների նշաձողը. «Դե Աստված հենց սա նկատի չունի...»։ Ոմանք էլ փորձում են գործերով արդարանալ. «Ես պետք է ավելին անեմ...»։ Ի՞նչ է ասում Աստված այս անդունդի մասին։ Այն կա և միշտ կլինի։ Հիսուսին հավատալով՝ դու ընդունել ես Նրան քո կյանք, ներվել ես, արդարացել և անցել Աստծո պաշտպանության և խնամքի ներքո։ Դու Նրանն ես, և Նա սիրում է քեզ անվերապահ սիրով։ «Արդ մենք, հավատքով արդարացած լինելով, Աստծո հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, որով ընդունեցինք հավատքով այս շնորհքի մեջ մտնելն էլ, որ նրանում կանգնած ենք և պարծենում ենք Աստծո փառքի հույսով»։1

Քո կյանքում ևս մի պահ կգա, որ կսկսես մտածել, թե պետք է ինչ-որ բան վերադարձնես Աստծուն։ Այս հոդվածի նպատակն է օգնել քեզ հեռու մնալ մտային ծուղակներից և չտրվել անպտուղ գործերին։ Աստվածաշունչը զգուշացնում է։ Այն կգողանա քո ուրախությունը։

Միասին անդրադառնանք նրան, թե ինչ է ասում Աստված քո և իր փոխհարաբերության մասին։

Ինչպես դարձար քրիստոնյա

Երբ քրիստոնյա դարձար, հասկացար, թե ինչ մեծ պատասխանատվություն է կրել Աստված քեզ համար։ Կարդա ստորև նշված կետերը և տես, որ այս ամենն Աստված արել է քեզ համար։ Դու քո ջանքով չէիր կարող անել։

  • Աստված ընտրեց քեզ նախքան աշխարհի հիմնումը և կանչեց քեզ, որ պատկանես Իրեն։2
  • Աստված եկավ երկիր քեզ համար։3
  • Աստված մահացավ հենց քո մեղքերի համար։4
  • Աստված ճանապարհ հարթեց, որ դու լսես Ավետարանի պատգամը։5
  • Աստված առաջարկեց քեզ գալ քո կյանք։6
  • Աստված ցանկություն առաջացրեց քո մեջ ճանաչելու և արձագանքելու Իրեն։7
  • Դու ընդունեցիր Նրան։
  • Աստված եկավ քո կյանք, արդարացրեց քեզ, ներեց և կանչեց։8

Դու քրիստոնյա դարձար՝ պարզապես հավատքով արձագանքելով Աստծո կոչին։ Հենց այդպես էլ Նա ցանկանում է, որ դու ապրես քո քրիստոնեական կյանքը՝ հավատքով արձագանքելով Նրան։ Աստված հոգում է և պատասխանատվություն է կրում քեզ համար։ Միգուցե սա քեզ պարզ թվա և մտածես, որ դժվար ոչինչ էլ չկա։ Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր քրիստոնյա ինչ-որ ժամանակ բախվում է սրան։ Ինչո՞ւ։

Մարդը հակված է մտածել, որ պարտական է Աստծուն այն ամենի համար, որ արել է իր կյանքում։ Մարդիկ հակված են նաև մտածել, որ եթե արդեն բավականին ծանոթ են Աստծո Խոսքին, սկսել են պարբերաբար աղոթք անել, եթե փոքր-ինչ ճանաչում են Աստծուն և կարող են ուրիշներին պատմել Նրա մասին, ուրեմն պետք է պատասխանատվություն կրեն և «լավ քրիստոնյա» դառնան։ Ավելի մեծ ուրախություն չկա, քան Աստծուն ճանաչելը։

Եթե հանկարծ դու ինքդ չգաս այն եզրակացությանը, որ պետք է ազատ ապրես Աստծո համար, ապա, դժբախտաբար, կգտնվեն մարդիկ, որոնք քեզ վրա ծանր բեռ կդնեն, կստիպեն մեղավոր զգալ և կսովորեցնեն «ավելի լավ հնազանդվել» Աստծուն։ Հուսով եմ՝ այս հոդվածը կօգնի քեզ հասկանալ, թե ինչպես պետք է լիարժեք ապրել քրիստոնեական կյանքը՝ ըստ Աստծո Խոսքի, առանց ծանր բեռների ավելորդ պատասխանատվության սխալ ակնկալիքների։ Այն ցույց կտա, թե որքան մեծ է Աստծո սերը քո նկատմամբ, և որքան է Նա կամենում պարզապես հարաբերություն ունենալ քեզ հետ։

Աստված Ինքն է պատասխանատվություն կրում ձեր հարաբերությունների համար։ Մի քանի օրինակով բացատրենք սա։

Ինչպե՞ս է Աստված ընդունում մեզ

Հիսուսի մահվան միջոցով և Աստծո շնորհով դու ներված ես։ Դու ներվել ես, որովհետև հավատացել ես, որ Հիսուսը վճարել է քո մեղքի գինը, այնպես չէ՞։ Դու չես վաստակել քո ներումը։ Դու պարզապես հավատացել ես Աստծուն, երբ ասել է, թե ներել է քեզ։ «Բայց երբ որ մեր Փրկիչ Աստծո քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեց, ոչ թե արդարության գործերից, որ մենք արեցինք, այլ՝ իր ողորմության համեմատ փրկեց մեզ»9։ «Նրանով ունենք փրկություն, Նրա արյունով՝ մեղքերի թողություն Իր շնորհքի մեծության չափով»։10

Քրիստոնյա դառնալուց հետո արդյոք փոխվո՞ւմ են կանոնները։ Արդյոք Աստված հիմա ակնկալիքների մի ցուցա՞կ ունի։ Ո՛չ։ Միգուցե մտածես. «Բայց չէ՞ որ Աստվածաշունչը ԼԻՔՆ է պատվիրաններով։ Չես հանդիպի մի պարբերության, որտեղ որևէ պատվեր չկա»։ Ճշմարիտ է։ Թեպետ Աստված քեզ պատվիրաններ է տվել, Նա գիտի, որ չես կարող ամբողջությամբ հնազանդվել դրանց։ Իրականում, Նա նույնիսկ ասում է, որ որքան ջանաս պահել դրանք, այնքան կմեղանչես։11 Ավելին, որքան ջանաս, այնքան կձախողվես, քեզ դատապարտության արժանի կզգաս և հեռանաս Աստծուց։

Պողոս առաքյալը ևս խոսում է իր հուսահատությունների մասին։ Նա նայում էր Աստծո օրենքին և մտածում. «Օրենքը սուրբ է, արդար և բարի։ Որքան փորձում եմ ապրել ըստ օրենքի, այնքան մեղանչում եմ։ Ցանկանում եմ բարին անել, բայց չեմ կարողանում։ Բայց չարը, որ չեմ կամենում անել, անում եմ»։12 Ամենահուսահատված պահին նա ասաց. «Ի՜նչ խղճալի մարդ եմ ես։ Ո՞վ կազատի ինձ այս մահկանացու մարմնից»։ Լսեք նրա առաջարկած լուծումը. «Շնորհակալություն Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»։13

Ձախողությանը, մեղքին և դատապարտությանը պետք է հակադարձել Խոսքով։ «Դատապարտություն չկա Քրիստոս Հիսուսում լինողներին»։14 «Որովհետև երբ որ դեռ թշնամի էինք Աստծո հետ, հաշտվեցինք նրա Որդու մահով, որքա՞ն ավելի հիմա, որ հաշտված ենք, կապրենք նրա կյանքով։15

Ուստի, երբ կարդում ես Աստծո օրենքը, մի՛ փորձիր սեփական ջանքով պահել այն, խնդրիր Աստծուն, որ բնակվում է քո ներսում, շնորհք տալ քեզ։ Երբ Աստված պատվիրում է սիրել միմյանց, չի նշանակում, որ Նա պահանջում արհեստականորեն խոսքեր շռայլել աջ ու ձախ և ապացուցել, թե որքան ես սիրում մարդկանց։ Նա ուզում է, որ դու կախված լինես Իրենից։ «Աստվա՛ծ, խնդրում եմ ապրիր իմ սրտում, օգնիր այս մարդուն վերաբերվել այնպես, ինչպես Դու, սիրել այնպես, ինչպես Դու։ Ես անկարող եմ։ Խնդրում եմ, թող Քո մեծ սերը պտուղ տա իմ ներսում»։

Ո՞րն է տարբերությունը

Կան մարդիկ, որոնք փորձում են Աստծուց անկախ գործել Աստծո համար։ Կան նաև այնպիսիք, որոնք ապավինում են Աստծուն՝ օգնելու ապրել Նրա համար։ Տարբերությունը մեծ է։ Մենք չենք ձգտում Աստծուց անկախության։ Մենք ձգտում ենք ամեն ժամանակ նրանից կախված մնալ, ինչպես որ Նա է կամենում։ Նա կամենում է, որ դու վայելես Իր հետ փոխհարաբերության ազատությունն ու ջերմությունը, վստահես Նրան։ Նա չի ակնկալում, որ դու պարզապես ինչ-որ բան անես՝ պարտավորությունից ելնելով։

Աստվածաշունչը Աստծո պատվիրաններն անվանում է «Օրենք»։ Այժմ, երբ քրիստոնյա ես, այլևս օրենքի տակ չես, ոչ էլ դատաստանի կամ դատապարտության։ Դու ներված ես։ Դու հավիտենական կյանք ունես։ Դու ազատ ես օրենքի «պահանջներից»։ Պողոսն ասում է. «Գիտենք, որ մարդ օրենքի գործերից չի արդարանում, բայց միայն Հիսուս Քրիստոսի հավատքից։ Եվ մենք Հիսուս Քրիստոսին հավատացինք, որ Քրիստոսի հավատքից արդարանանք և ոչ թե օրենքի գործերից, որովհետև օրենքի գործերից ոչ մի մարմին չի կարող արդարանալ16

Որքա՞ն է Պողոսը կենտրոնանում Աստծո պատվիրանների վրա և փորձում կատարել դրանք։ «Որովհետև ես օրենքով օրենքի համար մեռա, որ ապրեմ Աստծո համար։ Ես Քրիստոսի հետ խաչված եմ։ ...Քրիստոսն է կենդանի իմ մեջ։ Եվ հիմա, որ կենդանի եմ մարմնով, Աստծո Որդու հավատքով եմ կենդանի, որ ինձ սիրեց և իր անձն ինձ համար մատնեց։ Եվ ես Աստծո շնորհքը չեմ անարգում, որովհետև եթե արդարությունն օրենքից էր, ուրեմն՝ Քրիստոսը զուր տեղը մեռավ»։17

Նախքան Հիսուսին ընդունելը դու հեռու էիր Աստծուց, կարող էիր ընդամենը իմանալ Աստծո պատվիրանների մասին, բայց դատաստանի տակ էիր։ Իսկ այժմ Քրիստոսն Իր Հոգով ապրում է քո մեջ։ Աստված ասում է. «Ես կդնեմ իմ օրենքները նրանց սրտերի մեջ և նրանց խորհուրդների վրա կգրեմ դրան։ Նրանց մեղքերը և նրանց անօրենություններն էլ չեմ հիշի»18։ Այժմ օրենքը ոչ թե քեզ համար պահանջների մի ցանկ է, այլև այն քո սրտի մեջ է։ Սուրբ Հոգին աստիճանաբար փոխում է քեզ, և դու ցանկանում ես հաճեցնել Նրան։ Հոգևոր հասունության ընթացքում, երբ քո և Աստծո փոխհարաբերությունն ավելի սերտանա, Նա կշարունակի քո մեջ կերտել ցանկություն և կտա կարողություն՝ ապրելու սուրբ կյանք։

«Շնորհքով եք փրկված դուք՝ հավատքի միջոցով, և սա ոչ թե ձեզանից է, այլ՝ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա։ Մենք նրա ստեղծածն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնց համար Աստված սկզբից պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք»19։ Աստված ծրագիր ունի քո կյանքի համար, Նա ուզում է գործածել քո կյանքը մարդկանց բարիք անելու և Իր անունը փառավորելու համար։ Քո գործն Աստծո հետ է, Նա ապրում է քո մեջ և բարի պտուղ տալիս քեզանում։

Ինչպե՞ս վարվել մեղքի հետ

Թույլ տուր մի հարց տալ քեզ։ Ի՞նչ պետք է անես, եթե Աստծուն հանձնվելուց կամ ներում ստանալուց հետո կրկին պայքարների մեջ ընկնես։ Ի՞նչ կանես, երբ խնդրես Աստծուն ազատել քեզ որևէ մեղքից, բայց որոշակի ժամանակ անց կրկին գործես այդ մեղքը։ Իսկ ի՞նչ անել, եթե դու դեռ վատ բնավորություն ունես, եթե դեռ գայթակղվում և վիրավորվում ես, եթե դժվարությամբ ես աղոթում կամ կարդում Աստծո Խոսքը։ Ո՞րն է ելքը։ Մի՞թե այդ ժամանակ պետք է ինքդ պատասխանատվություն կրես քո քրիստոնեական կյանքի համար։ Մի՞թե դու պետք է սկսես քո ջանքով և իմաստությամբ ապրել։ Ո՛չ։ Որքան փորձես սեփական ջանքով շարժվել, այնքան կձախողվես, այնքան կհեռանաս Աստծուց և կկորցնես ուրախությունդ։

Հեշտ է մտածել, որ Աստված պարգևատրում է ջանքը։ Այսպես է կառուցված մեր հասարակությունը. լինել աշխատասեր, պատասխանատու, ջանալ, և վարձքը չի ուշանա։ Այսպես անելով՝ մարդիկ հուսահատության մեջ են ընկնում, որովհետև Աստվածաշունչն ասում է, որ օրենքով մեղքն է ճանաչվում։ Աստծո հետ հարաբերությունը ջանք կամ վարձք չէ։ Աստծո հետ հարաբերությունը վստահություն է՝ ուղղված Նրան, որի արդյունքում նա կարող է ներգործել քո կյանքի մեջ բարին ու հաճելին։

Որքան երկրի վրա ապրես, այնքան կմեղանչես։ Այս կյանքում երբեք կատարելության չես հասնի։ Ոչ միայն դու գիտես սա, այլև՝ Աստված։ Երբ գիտակցես քո կյանքի մեղքը, խոստովանես և հավատաս Նրա խոստմանը, ապա ներում կստանաս։ «Եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ ու արդար է Նա՝ ներելու մեր մեղքերը և մաքրելու ամեն անիրավությունից»։20

Համբերատար եղիր և թույլ տուր, որ Աստված փոխի քեզ

Կենտրոնացի՛ր Աստծուն ճանաչելու վրա։ Ձգտի՛ր ավելի լավ ճանաչել Նրան աղոթքի և կարդալու, այլ քրիստոնյաների հետ հաղորդակցության և սերտողություններին մասնակցելու միջոցով։ Բայր հիշի՛ր, որ քո հավատքը կախված չէ քո ջանքից։ Այն բխում է Աստծուց և Նրա կարող զորությունից։ Հիսուսը համեմատեց մեր հարաբերությունը խաղողի որթի հետ։ Հիսուսը որթն է, մենք՝ ճյուղերը։ «Ինձանում մնացեք (կամ բնակվեք) և Ես՝ ձեզանում։ Ինչպես որ ճյուղն իր անձից չի կարող պտուղ բերել, եթե որթում չմնա, այսպես էլ դուք, եթե ինձանում չմնաք»։21 Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի։ Մնացեք իմ սիրո մեջ»։22

Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց. «Պահե՛ք իմ պատվիրանները»

Ճիշտ ապրելու, լիարժեք կյանք ունենալու, Աստծո սերը վայելելու միակ ճանապարհը Հիսուսի Խոսքի համաձայն ապրելն է։ Հիսուսն ասաց. «Եթե իմ պատվիրանները պահեք, իմ սիրո մեջ կմնաք, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և մնում եմ նրա սիրո մեջ։ Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ իմ ուրախությունը ձեզանում մնա, և ձեր ուրախությունը լցված լինի»23։ Նա ուզում է, որ դու ապրես Իր Խոսքի համեմատ, որպեսզի դու վայելես Նրա սերը և լիարժեք ուրախությունը։ Անգամ Նրա պատվիրանները պահելու համար քեզ անհրաժեշտ է ապավինել Նրան։

Ամեն անգամ, երբ Աստվածաշնչում հանդիպում եմ պատվիրանի. «Այսպես արեք...», ես անմիջապես ասում եմ. «Աստվա՛ծ իմ, հրաշալի է։ Ես ուզում եմ, որ իմ կյանքը հաճեցնի քեզ։ Խնդրում եմ, օգնի՛ր ինձ Քո Հոգով։ Ինձ կարողություն տուր հնազանդվելու Քո պատվիրաններին։ Աստվա՛ծ իմ, ես հուսահատության մեջ եմ հայտնվում, երբ մտածում եմ, որ իմ ջանքով պետք է պահեմ քո պատվիրանները։ Խնդրում եմ, փոխի՛ր իմ մտածելակերպը, գործի՛ր իմ կյանքում այնպես, որ այն համապատասխանի Քո խոսքին»։ Աղոթում եմ և այլևս հոգս չեմ անում։ Ես կարող եմ գրի առնել Աստծո պատվիրաններն ու միշտ աչքիս առաջ ունենալ, սովորել անգիր, բայց միևնույն է, կատարելու համար ես պետք է հավատքով ապավինեմ Աստծուն։

Նա ազատել է քեզ օրենքի գերությունից և ընդունել է քեզ։ Դու կարող ես հանգիստ գտնել Նրա գրկում և միշտ կախված լինել Նրանից։ Այդ ժամանակ դու կվայելես Քրիստոսի հետ քո մտերմությունը։

«Այսպես էլ, եղբարնե՛ր, դուք Քրիստոսի մարմնով մեռաք օրենքի համար, որ ուրիշինը լինեք, Նրանը, որ մեռելների միջից հարություն է առել, որ պտուղ բերեք Աստուծուն»24։ «Բայց հիմա արձակվեցինք օրենքից՝ մեռնելով նրան, որով որ բռնված էինք, որպեսզի Հոգու նորոգությունով ծառայենք և ոչ թե գրի հնությունով»25։ «Օրենքի վախճանը Քրիստոսն է ամեն հավատացողի համար դեպի արդարություն»26։ «Բայց նրան, որ գործ չի անում այլ, հավատում է Նրան, որ ամբարշտին արդարացնում է, նրա հավատքը համարվում է արդարություն»27։

(1) Հռոմեացիներին 5.1,2 (2) Եփեսացիներին 1.4, 2 Տիմոթեոս 1.9 (3) Հովհաննու 3.16 (4) Հռոմեացիներին 5.8 (5) Եփեսացիներին 1.13 (6) Հայտնություն 3.20, Հովհաննու 1.12,13 (7) Հայտնություն 3.20 (8) Ա Հովհաննու 3.1, Կողոսացիներին 1.13,14, Եփեսացիներին 1.4, Հովհաննու 1.12 (9) Տիոտս 3.3-7 (10) Եփեսացիներին 1.7 (11) Հռոմեացիներին 3.20 (12) Հռոմեացիներին 7.18,19 (13) Հռոմեացիներին 7.24,25 (14) Հռոմեացիներին 8.1 (15) Հռոմեացիներին 5.8-10 (16) Գաղատացիներին 2.16 (17) Գաղատացիներին 2.19-21 (18) Եբրայեցիներին 10.16,17 (19) Եփեսացիներին 2.8,9 (20) 1 Հովհաննու 1.9 (21) Հովհաննու 15.4 (22) Հովհաննու 15.9 (23) Հովհաննու 15.10,11 (24) Հռոմեացիներին 7.4 (25) Հռոմեացիներին 7.6 (26) Հռոմեացիներին 10.4 (27) Հռոմեացիներին 4.5