Երբ մեղք ես գործում
Ինչպե՞ս վարվել մեղքի հետ
Պետական եկամուտների ծառայությունը մի անանուն նամակ էր ստացել.
«Պարոնա՛յք, այս նամակին կից ուղարկում եմ 150 դոլարի կտրոն։ Անցյալ տարի ես խաբել էի հարկային գործակալին և այդ ժամանակից սկսած անքնությամբ եմ տառապում։ Եթե այսքանից հետո էլ չկարողանամ քնել, մնացածն էլ կուղարկեմ»։1
Բոլորս ուզում ենք ներված զգալ մեր գործած սխալների համար։ Հարցը հետևյալն է՝ որտեղ՞ց է գալիս ներումը։
Որպես քրիստոնյա՝ քո բոլոր մեղքերը ներված են։ Հավանաբար, դու հավատում ես այս սուրբգրային խոսքին։ Ինչպե՞ս ես արձագանքում։ Իմ ընկերը, որը խորհրդատվական ծառայություն է իրականացնում, մի առիթով ասաց. «Որոշ քրիստոնյաներ իրականում չեն հավատում, որ մեղանչել են, ոմանք էլ չեն հավատում, որ ներվել են»։
Ես ուզում եմ օգնել քեզ հասկանալ թե՛ մեկը, թե՛ մյուսը։
Ի՞նչ է մեղքը
Էռնեստ Հեմինգուեյն ասել է, որ եթե մի բան բարոյական է, ապա դու լավ ես զգում դրանից, եթե անբարոյական է, ապա՝ վատ։ Ահա թե ինչպես են շատերն ընկալում մեղքը։ Աստվածաշունչն այլ բան է ասում։ Ըստ Աստվածաշնչի՝ մեղքն Աստծո կամքի փոխարեն սեփական ցանկությունը և կամքը կատարելն է։
Ինչպիսի՞ վերաբերմունք ունի Աստված մեղքի նկատմամբ։ Նա չի կարող հանդուրժել մեղքը։ «Դու, որ աչքերդ մաքուր են չարություն տեսնելուց և անիրավության մտիկ տալ չես կարող» (Ամբակում 1.13ա)։ «Աստված լույս է, և Նրանում խավար չկա» (Ա Հովհաննու 1.5ա)։
Սա անկարևո՞ր է թվում քեզ։ Մի՞թե Հիսուսը չի վճարել քո մեղքի պատիժը։ Ինչո՞ւ մտահոգվել մեղքի համար, երբ Աստված սիրում է քեզ և հրաշալի ծրագիր առաջարկում քո կյանքի համար։ Միգուցե դու մեղքը կոչում ես սխալմունք կամ պարզապես վրիպո՞ւմ։
Աստված այսպես չի նայում մեղքին։ Մեկ մեղքի պատճառով Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից։ Նոյի օրերում Աստված ջրհեղեղով կործանեց երկիրը մեղքի պատճառով։ Նա կրակով այրեց Սոդոմ և Գոմոր քաղաքներն այնտեղ տիրող գարշելի պղծության պատճառով։ Մեղքի պատճառով իսրայելացիները քառասուն տարի պտտվեցին անապատում։
Աստված ատում է մեղքը։ Այնինչ մենք սիրում ենք մեղքը և շարունակում ենք գործել։ Ադամի և Եվայի պես կարծում ենք, թե կարող ենք ճանաչել չարը և հաղթել նրան։ Բայց մենք Աստծո նման չենք դառնում։ Աստված ճանաչում է սատանային, բայց Աստված բարի է և չի պարտվում չարից։ Մինչդեռ մեզ դեռևս գրավում է չարը և հեշտությամբ տիրում մեզ վրա։
Մեղավոր կողմը
Երբ մեղք ենք գործում, Աստծո Հոգին մեր ներսում վշտանում է։ Երբեմն Նա մեղավորության զգացում է ներգործում մեր մեջ։ Երբ մեղք ենք գործում, այդ պահին կարծես ընտրում ենք հեռու լինել Տիրոջ կամքից և հաճությունից։ Մեղքը չի ստիպում Աստծուն ատել քեզ։ Բայց այն տխրեցնում է Նրան։ «Եվ մի՛ տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար» (Եփեսացիներին 4.30)։ Որպեսզի հասկանանք, թե ինչպես է մեղքն ազդում մեզ վրա, դիտարկենք Աստծո հետ հարաբերության և հաղորդակցության տարբերությունները։
Ձեր հարաբերությունն Աստծո հետ | Ձեր հաղորդակցությունն Աստծո հետ |
- սկսվեց, երբ ընդունեցիք Քրիստոսին (Հովհ. 1.12) | - սկսվեց, երբ ընդունեցիք Քրիստոսին (Կող. 2.6) |
- հավիտենական է (1 Պետ. 1.3,4) | - կարող է խաթարվել (Սաղ. 32.3-5) |
- պահպանվում է Աստծո կողմից (Հովհ. 10.27-29) | - պահպանվում է նաև քո կողմից (1 Հովհ. 1.9) |
- անփոփոխ է (Եբր. 13.5) | - փոխվում է, երբ մեղանչում եք (Սաղ. 66.18) |
Մեղքը չի խաթարում Աստծո հավիտենական հարաբերությունը քեզ հետ, որը հաստատվել է այն պահին, երբ վստահել ես Քրիստոսին ու ներում ստացել։ Քրիստոսը մահացել է քո անցյալի, ներկայի և ապագայի մեղքերի համար։ Այդ ժամանակ քո ողջ կյանքը դեռ ապագայում էր։ Հիսուսին հավատալով՝ քո բոլոր մեղքերը ներված են։ Աստծո հետ հարաբերությունն ապահով է։
Այսուհանդերձ, մեղքն ազդում է Աստծո հետ հաղորդակցության վրա։
(Հաղորդակցությունը մեր երկրային, ամենօրյա շփումն է Նրա հետ)։ Մեղքն ազդում է քո և Աստծո հաղորդակցության վրա, և դու չես կարողանում կատարել Նրա կամքը քո կյանքում։ Մեղքը կարծես անզգայացնում է քեզ, դու այլևս չես մտածում և գործում Քրիստոսի նման։
Սաղմոս 32.3-5 խոսքերում կարդում ենք. «Երբ որ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին՝ իմ ամեն օր հառաչելով։ Որովհետև ցերեկ և գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա։ Իմ թացությունը ամառվա չորություն դարձավ։ Ես մեղքս հայտնեցի քեզ և անօրենությունս չծածկեցի։ Ասացի թե. «Անօրենությունս խոստովանեմ Տիրոջը, և Դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը»։
Սա է մեղքին ճիշտ արձագանքելու եղանակը։ Նա չժխտեց, որ մեղանչել է։ Բայց նա չապրեց այդ մեղքով։ Նա պարզապես խոստովանեց այն։
Խոստովանել և ապաշխարել
Ի՞նչ է նշանակում խոստովանել մեղքը և ապաշխարել։ Խոստովանել, նախևառաջ, նշանակում է՝ համաձայնել Աստծո հետ։ Նա, միևնույն է, գիտի, որ մեղանչել ես։ Դու ևս պետք է ազնիվ լինես։ «Ապա եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողի մեզ և սրբի մեզ ամեն անիրավութիւնից (Ա Հովհաննու 1.9)։ Խոստովանել՝ նշանակում է ընդունել մեղքը և Աստծո տեսակետն այդ մեղքի նկատմամբ։
Խոստովանել չի նշանակում ներում աղերսել Աստծուց։ Քրիստոսն արդեն վճարել է մեր բոլոր մեղքերի պատիժը, և Աստծո ներումը գալիս է, երբ մենք խոստովանում ենք մեր մեղքերը։ Աստված ներում է ինձ և քեզ Քրիստոսի կատարած զոհի շնորհիվ, ոչ թե մեր մեղքը խոստովանելու քաջության և խոնարհության համար։
Ապաշխարել նշանակում է փոխել մեր վերաբերմունքը և պահվածքը մեր իսկ մեղքերի նկատմամբ։ Նշանակում է համաձայնել Աստծո հետ, որ սխալ էիր և չես ցանկանում շարունակել գործել այդ մեղքը։
Եթե դեռ մեղավոր ես զգում
Ժամանակներ կլինեն, որ անգամ խոստովանելուց հետո, դու կշարունակես քեզ մեղավոր զգալ։ Երբեմն ավելի հոգևոր է թվում մեզ, երբ մեզ հալածում ենք մեր սարսափելի մեղքերի համար և ցանկանալով նվաստացնել ինքներս մեզ մեր իսկ աչքին՝ կարծում ենք, որ կշարժենք Աստծո սիրտը խոնարհությամբ։
Աստված այսպես չի մտածում։ Խոստովանելու մաս է կազմում նաև այն, որ մենք գոհանում ենք Աստծուց մեր բոլոր մեղքերը ներելու համար։ Այս մասին Աստված ասել է. «Որովհետև նրանց անօրենությունները կներեմ և նրանց մեղքերն ու անօրենություններն այլևս չեմ հիշի (Եբրայեցիներին 8.12)։ Գոհանալը նաև հավատքի դրսևորում է, քանի որ այսպիսով դու արձագանքում ես Աստծո Խոսքին, ոչ թե հետևում քո զգացմունքներին։ Ինքդ քեզ հալածելը ստիպում է քեզ կենտրոնանալ քո մեղքի վրա, ոչ թե Քրիստոսի խաչի և ներման։
Երբեմն մենք շփոթում ենք մեղքը փորձության հետ։ Հիշի՛ր, որ փորձությունները պատահում են բոլորին։ Անգամ Հիսուսը փորձվեց։ Հիսուսը փորձվեց, բայց չհաղթվեց փորձությունից։ Նա մեղք չգործեց։ Եթե փորձության մեջ ես, մի՛ ճնշիր քեզ։ Դու կարող ես ընտրել չտրվել բացասական մտքերին և կարող ես խնդրել Աստծուն զորացնել քեզ՝ խուսափելու մեղանչելուց։ Դու մեղավոր չես, որ փորձվում ես։ Փորձության պահերին հիշիր այս հրաշալի խոսքը, որը գրված է Ա Կորնթացիներին 10.13-ում։
Աստված ամբողջությամբ ներել է քո բոլոր մեղքերը։ «Այլևս դատապարտություն չկա Քրիստոս Հիսուսում լինողներին» (Հռոմեացիներին 8.1)։ Նա չի դատապարտում քեզ քո մեղքերի և ձախողումների համար։ Աստված ասում է. «Նրանց մեղքերը և նրանց անօրենությունները այլևս չեմ հիշի (Եբրայեցիներին 10.17)։ Մեղքի ծանրությունը հեռացել է։ Ընդունի՛ր Աստծո լիակատար ներումը։
«Որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում ազատեց ինձ մեղքի և մահի օրենքից» (Հռոմեացիներին 8.2)։ Քրիստոնեական կյանքն ազատության կյանք է. ազատ մեղքից, ազատ՝ ապրելու Աստծո կամքով, որը ամենաերանելի կյանքն է։ Քրիստոսի նման դառնալու և Նրան արտացոլելու համար պետք է աճել ու հասունանալ։ Պարզապես ժամանակ է պետք։
1. Չարլզ Սվինդոլ, «Եկ, քանի դեռ ձմեռ չէ» (Պորտդլենդ, Օրեգոն, «Multnomah Press», 1985), էջ.89։