Աստծո բացառիկ սերը

Աստծո հետ փոխհարաբերությունը յուրահատուկ փորձառություն է։ Աստված բացառիկ սիրով սիրում է քեզ։ Նրա սերն անվերապահ է (հիմնված չէ որևէ պահանջի կատարման վրա)։ Աստված սիրում է քեզ, որովհետև սիրում է։

«Սրանով Աստծո սերը երևաց մեզանում, որ Աստված իր միածին Որդուն ուղարկեց աշխարհ, որ նրանով կյանք ունենանք։ Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն քավություն լինելու մեր մեղքերի համար» (Ա Հովհաննու 4.9,10)։

Նրա սերը կախված չէ քո գործողություններից։ Ոչինչ չես կարող անել, որ Աստված քեզ մի փոքր ավելի սիրի։ Նմանապես չկա մի բան, որ կարողանա ստիպել Աստծուն քեզ մի փոքր ավելի քիչ սիրել։ Նա սիրում է քեզ ավելի, քան դու ինքդ քեզ։

Միգուցե մինչ այս պահը մարդիկ քեզ սիրել են որևէ պայմանով։ Պայմանական սերը հիմնված է քո գործողությունների վրա։ Լավ աշխատես, լավ թիմակից լինես, լավ ընկեր լինես, «սիրված» կլինես։

Քրիստոսին հանձնվելուց հետո դու գտել ես անպայմանական սեր և ընդունելություն։ Քանի որ նախկինում երբեք նման սեր չես ճաշակել, մի փոքր դժվար է այն ամբողջությամբ ընկալելը։ Բայց սա ճշմարտություն է։ Դժբախտաբար, դու միշտ չես զգա Աստծո սերը։ Ժամանակ կգա, երբ դու կկասկածես ոչ միայն Նրա սիրուն, այլև՝ գոյությանը։ Դու կցանկանաս ամեն բան թողնել։ Չհանձնվե՛ս։

Երբ Աստված քեզ նոր կյանք տվեց, այն չեկավ շքեղ փաթեթավորմամբ և անուշ բույրով։ Հիսուսն իր կյանքը սկսեց անշուք խրճիթում։ Նա ճաշակեց կյանքի բոլոր՝ դառը և քաղցր պտուղները, ներառյալ՝ քո քրիստոնեական ճամփորդությունը։ Ոչ մի առեղծված, Նա պարզապես խոստացել է քեզ հետ լինել։

Աստված ասում է. «Հավիտենական սիրով սիրել եմ քեզ, դրա համար քաշեցի քեզ ողորմությունով» (Երեմիա 31.3)։

Դանիական մի առած ասում է. «Հաջորդ քայլը միակ բանն է, որը մարդը պետք է անի»։ Աստծո սիրո գիտակցումը կօգնի քեզ անել քո հաջորդ քայլը, երբ այն անհնար թվա։ «Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ո՛չ մահ, ո՛չ կյանք, ո՛չ հրեշտակներ, ո՛չ իշխանություններ, ո՛չ զորություններ, ո՛չ ներկա բաներ, ո՛չ գալու բաներ և ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն և ո՛չ մեկ ուրիշ ստեղծված բան չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է (Հռոմեացիներին 8.38,39)։

Մեր հավատքը հիմնված է Աստծո հայտնության վրա։ Նա ուզում է, որ մենք հավատանք և ապավինենք Նրա սիրուն։

«Տերը հավանում է իրենից վախեցողներին, որ իր ողորմությանն են հուսացած» (Սաղմոս 147.11)։

«Ահա Տիրոջ աչքը իրենից վախեցողների վրա է, և նրանց վրա, որ նրա ողորմությանն են սպասում» (Սաղմոս 33.18)։

Դավիթ թագավորը, որին Աստված կոչում է «իմ սրտի համեմատ մարդ»1, վստահեց Աստծո սիրուն։ «Բայց ես կօրհնեմ Քո զորությունը և առավոտյան կփառաբանեմ Քո ողորմությունը, որովհետև Դու պահապան և ապավեն եղար ինձ իմ նեղության օրը։ Ո՛վ իմ զորություն, Քեզ սաղմոս կերգեմ, որովհետև, ո՛վ Աստված, Դու ես իմ պահապանը և իմ ողորմության Աստվածը» (Սաղմոս 59.16,17)։

Աստծո սերն ավելի լավ հասկանալու համար առաջարկում ենք կարդալ և ուսումնասիրել հետևյալ խոսքերը՝ Սաղմոս 103, Հովհաննու 15 և Ա Հովհաննու 4 գլուխները։ Ընդգծեք այն բոլոր տողերը, որտեղ նկարագրված է Աստծո սերը։

(1) 1Գործք 13.22