Սուրբ Հոգին մեր մեջ է

Ոմանք կարծում են, որ եթե Հիսուսն այժմ երկրի վրա լիներ և ֆիզիկական աչքերով կարողանային տեսնել Նրան, ապա ամենուր կհետևին Նրան։ Եզեկիել 36.26-27 խոսքերում Տերն ասում է. «Եվ Ես ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր Հոգի պիտի դնեմ ձեր ներսում և վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը և ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ»։ Կարևոր իմաստ ունի այստեղ «ներսում» բառը։ «Ես նոր Հոգի պիտի դնեմ ձեր ներսում»։ Ժամանակներ են եղել, որ ես կարիք ունեի հիշեցնել ինքս ինձ, որ Սուրբ Հոգին իմ ներսում է։ Երբ առաջին անգամ կարդացի այս տողերը, օրեր շարունակ մտածում էի. «Նրա Հոգին իմ մեջ է։ Քրիստոսն իմ մեջ է Իր Հոգով ճիշտ այնպես, ինչպես աշակերտների հետ էր»։ Հրաշալի է գիտակցել, որ Նրա Հոգին բնակվում է մեր ներսում։ Ցավոք, հաճախ մենք ուշադրություն չենք դարձնում Նրան։

Որտե՞ղ է ապրում Սուրբ Հոգին

1-ին Կորնթացիներին 3.16 խոսքն ասում է. «Չգիտե՞ք արդյոք, որ ձեր մարմինը Սուրբ Հոգու տաճար է»։ Էնդրյու Մյուրեյն իր «Քրիստոսի Հոգին» գրքում հրաշալիորեն մեկնաբանում է այս միտքը։ Նա ասում է, որ հրեական տաճարները երեք գավիթ ունեին՝ արտաքին գավիթը, խորանը կամ սրբարանը և Սրբության Սրբոցը։

Մեր մարմինը նման է արտաքին գավիթին։ Խորանը կամ սրբարանը ներկայացնում է մեր միտքը, կամքը և զգացմունքները։ Իսկ մեր ներսը Սրբության Սրբոցն է, որտեղ բնակվում է Աստծո Հոգին։ Ուստի, իմ և քո ներսում Սրբության Սրբոցն է։ Սրբության Սրբոցը քո ներսում է։ Նույն գլխի 17-րդ խոսքն ասում է. «Որովհետև Աստծո տաճարը սուրբ է, և Դուք եք այդ տաճարը»։ Երբ խորապես գիտակցենք, որ Սրբության Սրբոցը իմ և քո ներսում է, մենք ճիշտ պատկերացում կունենանք սեփական անձի նկատմամբ։

Ինչպե՞ս մեր տաճարը մաքուր պահենք: Երբ մենք ընդունում ենք Քրիստոսին, Նրա արյունը մաքրում է մեզ։ Ինչպե՞ս մեր տաճարը մաքուր պահենք՝ հավատքով և Նրա Խոսքին հնազանդվելով։

Ա Հովհաննու 1.9 խոսքը ես կոչում եմ քրիստոնյայի «մաքրման միջոց»։ «Եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողի մեզ և սրբի մեզ ամեն անիրավությունից»։
Վերջին անգամ, երբ ձեռքերդ լվացիր, արդյոք կանգնեցի՞ր ծորակի մոտ և մտածեցի՞ր, թե ուր գնաց կեղտը։ Արդյոք անհանգստացա՞ր դրա համար։ Ո՛չ, իհարկե, ո՛չ։ Դու հավատացիր, որ կեղտը հոսեց ջրի հետ։ Դրա մասին ոչ ոք չի մտածում։ Մենք պարզապես գիտենք, որ այդպես պետք է վարվենք։ Եթե խոստովանենք մեր մեղքերը, Նա հավատարիմ է։ Նա կների մեր մեղքերը և կմաքրի մեզ ամեն անիրավությունից։ Մենք պետք է հավատանք, որ Նա ներել է մեզ, անգամ եթե չենք տեսնում կամ զգում դա։

Սուրբ Հոգին միշտ մեր հայացքն ուղղում է Քրիստոսին, դեպի Նրա խաչը և արյունը։ Նա չի դատապարտում մեզ։ Ինչո՞ւ։ Պատասխանը գտնում ենք Հռոմեացիներին 8.1 խոսքում։ «Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար»։

Ի՞նչ է անում սատանան։ Նա ուզում է գողանալ այն խաղաղությունը, որը Աստված դրել է քո սրտում։ Սատանան փորձում է հիշեցնել քեզ քո մեղքերը։ Քո մեղքերը կարծես տեսահոլովակի նման պտտվում են քո մտքում։ Մենք պետք այդ բոլոր մեղքերը բերենք խաչի տակ և ասենք. «Այս ամենը ապացուցում է, որ ես Փրկչի կարիք ունեմ։ Տե՛ր, շնորհակալ եմ, որ Քո արյունը մաքրել է ինձ բոլոր մեղքերից»։ Քո մեղքերին նայիր Հիսուսի արյան պրիզմայով, և դու խաղաղություն կունենաա։ Մի՛ անդրադարձիր հին մեղքերին։ Հավատա՛ Աստծո ներմանը։

Սուրբ Հոգին խոսում է մեզ հետ

Ինչպե՞ս վարվել ներկա մեղքերի հետ, որոնք Աստված հիշեցնում է քեզ։

Տերն ինձ հետ խոսում և բացատրում է իմ հարաբերությունների միջոցով։ Մի մարդ կար, որի հետ հարաբերությունն ինձ երկար տարիներ տհաճություն էր պատճառում։ Ես չէի կարողանում հաղորդակցվել նրա հետ այն աստիճան, որ չէի ուզում անգամ երկինք գնալ, եթե նա այնտեղ պիտի լիներ։ Ես նրան մատով էի ցույց տալիս։ Ես քննադատում էի։ Ես դատում էի նրան։ Ես շարունակ մեղադրում էի նրան։ Ես ոչ մի լավ բան չէի կարողանում ասել նրա մասին։ Ես արդարացնում էի ինձ։

Մի օր Տերն ինձ հիշեցրեց Ղուկաս 18.9 խոսքը։ «Ոմանց էլ, որ իրենց ներսում վստահ էին, թե արդար են և ուրիշներին ոչինչ էին համարում, այս առակն ասաց»։ Ես հասկացա, որ արհամարհանքով եմ վերաբերվել այլ մարդկանց։ Ահա թե ինչ առակ պատմեց Հիսուսը։

«Երկու մարդ վեր ելան տաճար՝ աղոթք անելու։ Մեկը փարիսեցի էր (ինքնաարդարացող, ամբարտավան, կրոնական առաջնորդ Հիսուսի օրերում), մյուսը՝ մաքսավոր (հաճախ կոռումպացված, մարդկանց թալանող, մարդկանց կողմից չսիրված)։ Փարիսեցին առանձին կանգնած այսպես էր աղոթում. «Ո՛վ Աստված, գոհանում եմ Քեզնից, որ ուրիշ մարդկանց նման չեմ՝ հափշտակող, անիրավ, շնացող կամ էլ ինչպես այս մաքսավորը։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և իմ բոլոր ստացվածքից տասանորդ եմ տալիս»։ Եվ մաքսավորը հեռու կանգնած իր աչքերն էլ չէր կամենում դեպի երկինք բարձրացնել, այլ իր կուրծքը ծեծում էր և ասում. «Ո՛վ Աստված, ողորմիր ինձ՝ մեղավորիս»»։

Քիչ անց Հիսուսը բացատրեց առակի նշանակությունը։ «Ասում եմ ձեզ, թե նա (ով Աստծո ողորմությունն էր խնդրում) արդարացած իջավ իր տունը։ Քանի որ նա, ով ինքն իրեն բարձրացնում է, կխոնարհվի, իսկ նա, ով իրեն խոնարհեցնում է, կբարձրանա»։

Երբ կարդացի այս խոսքը, մտածեցի. «Տե՛ր, ես փարիսեցի եմ։ Ի՜նչ տհաճ է։ Ես արհամարհանքով եմ վերաբերվում այս մարդուն»։ Ես հասկացա, որ պետք է քննեմ իմ սիրտը։ Երբ սկսեցի խորությամբ նայել իմ սրտին, ես տեսա նախանձ, հպարտություն, բարկություն, դատապարտություն, քննադատություն։ Իմ սրտում սիրո պակաս կար։ Այնուհետև կարդացի Գաղատացիներին 5.16-23 հատվածը։ «Բայց ասում եմ՝ Հոգով գնացե՛ք և մարմնի ցանկությունը չեք կատարի։ Որովհետև մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, և հոգին՝ մարմնին հակառակ։ Եվ սրանք իրար հակառակ են, որ միգուցե այն, որ դուք կամենում եք, այն անեք։ Բայց եթե Հոգուց եք առաջնորդվում, օրենքի տակ չեք։ Եվ հայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, չար նայվածքներ, սպանություններ, արբեցություններ, անառակություններ և ինչ որ սրանց նման են։ Ես սկզբից ասում եմ ձեզ, ինչպես էլ սկզբից ասում էի, թե այսպիսի բաներ գործողներն Աստծո արքայությունը չեն ժառանգի։ Բայց Հոգու պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա»։

Երբեմն մենք նայում ենք այս մեղքի ցուցակին և ասում. «Դե, ես այսպիսին չեմ»։ Գիտե՞ս, թե որն է մեր խնդիրը։ Մենք չենք անդրադառնում Հոգու պտուղներին և հարցնում ինքներս մեզ. «Արդյո՞ք ես բավարար սիրող եմ։ Ես բարի՞ եմ արդյոք։ Արդյո՞ք ես հավատարիմ եմ։ Արդյո՞ք ես հեզ եմ»։ Մենք մեզ գնահատում ենք մարմնի պտուղներով, ոչ թե Սուրբ Հոգու պտուղներով։

Էնդրյու Մյուրեյն ասում է. «Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները լինել սուրբ և կոպիտ»։ Նա հարցնում և պատասխանում է. «Քանի որ Նրանք ոչինչ չգիտեն Սուրբ Հոգու սիրո մասին։ Միայն Սուրբ Հոգին կարող է սեր առաջացնել»։

Երբ մտածում էի ինձ վիրավորողի մասին, հիշեցի Ա Պետրոս 3.8,9 խոսքերը. «Եվ վերջապես ամենքդ համամիտ, կարեկից, եղբայրասեր, բարեսիրտ, քաղցրաբարո եղե՛ք։ Չարի փոխարեն չար չհատուցե՛ք կամ բամբասանքի փոխարեն բամբասանք։ Այլ ընդհակառակը՝ օրհնեցեք՝ իմանալով, որ իսկ սրա մեջ կանչվեցիք, որ օրհնությունը ժառանգեք»։

Ես գիտեի, որ այդ անձնավարությունն ինձ հետ չարությամբ է վարվել, վիրավորել է ինձ։ Այնինչ խոսքը հստակ ասում է. «Չարի փոխարեն չար չհատուցե՛ք կամ բամբասանքի փոխարեն բամբասանք։ Այլ ընդհակառակը՝ օրհնեցեք՝ իմանալով, որ իսկ սրա մեջ կանչվեցիք, որ օրհնությունը ժառանգեք»։

Երբ հասկացա, թե ինչ է կատարվում իմ սրտում, խոստովանեցի, որ փարիսեցու նման եմ վարվել և աղոթք արեցի։ «Տե՛ր, ողորմիր ինձ՝ մեղավորիս։ Տե՛ր, խնդրում եմ՝ ցույց տուր, թե ինչպես պետք է օրհնեմ այս մարդուն։ Այդ ժամանակ ես Անգլիայում էի։ Մտքիս եկավ մի թանկարժեք գիրք, որը տեսել էի գրախանութում։ Վստահ էի, որ գիրքը դուր կգար նրան։ Երբ վերադարձա Ամերիկա, գիրքը նվիրեցի նրան։

Չեմ կարող փոխանցել, թե որքան ուրախացավ նա։ Նա կարծես աշխարհով մեկ եղավ։ Ես տեսա, թե ինչպես Աստված օգտագործեց այդ պահը զորավոր կերպով։

Սուրբ Հոգին միշտ հավատարիմ է և ցույց կտա, թե որ ոլորտներում չունենք Քրիստոսի նմանությունը։ Նա հավատարմորեն ցույց տվեց ինձ։ Երբ Աստծո Խոսքը կարդանք և խնդրենք Սուրբ Հոգուն առաջնորդել և օգնել մեզ հաճեցնել Հորը, մեր կյանքում կերևան Սուրբ Հոգու պտուղները՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, բարություն, երկայնամտություն, հեզություն և ժուժկալություն։

Հիսուսն ասաց. «Ինչպես Հայրը ինձ սիրեց, այնպես էլ Ես ձեզ սիրեցի։ Մնացե՛ք Իմ սիրո մեջ։ Այս ամենը խոսեցի ձեզ հետ, որ Իմ ուրախությունը ձեզանում մնա, և ձեր ուրախությունը լիարժեք լինի» (Հովհաննու 15.9,11)։

Այս հոդվածը վերցված է Նեյ Բեյլի «Հավատքը զգացմունք չէ» գրքից։ Հեղինակային իրավունք © 2002։ Տպագրված է «WaterBrook Press»-ի կողմից։ Օգտագործված է հեղինակի թույլտվությամբ։