Քրիստոնյայի գաղտնիքը

Հոգով լցված կյանք

Միգուցե քեզ անհնար է թվում քրիստոնեավայել կյանքով ապրելը։ Իսկապես, դա անկարելի է, եթե փորձենք ապրել սեփական ջանքով։ Սեփական ջանքով քրիստոնեավայել կյանք ապրելը նման է ցամաքի վրա նավ քշելուն. այն պարզապես առաջ չի գնա։ Մի տեղից մյուսը հասնելու համար նավը պետք է ջրի վրա լինի։ Քրիստոնեական կյանքը վայելելու համար պետք է սովորել Աստծո հետ քայլել։ Պողոս առաքյալը հասկացել էր այս ճշմարտությունը։ «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով (Փիլիպեցիներին 4.13)։

Հաջողված է այն քրիստոնյայի կյանքը, ում մեջ ապրում է Քրիստոսը։ «Եվ կենդանի եմ ոչ թե այլեւս ես, այլ Քրիստոսն է կենդանի ինձանում։ Եվ ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով, Աստծո Որդու հավատքով եմ կենդանի, որ ինձ սիրեց եւ Իր անձը ինձ համար մատնեց (Գաղատացիներին 2.20)։

Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսն ասաց աշակերտներին, որ շուտով հեռանալու է նրանցից, բայց մենակ չի թողնելու։ «Բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետեւ եթե չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ (Հովհաննու 16.7)։

Սուրբ Հոգին է զորացնում և շնորհք տալիս քեզ՝ ապրելու քրիստոնեավայել կյանք։ Սուրբ Հոգին պարզապես երկնքի մուտքի մոտ նստած ուղեկից չէ։ Նա Քրիստոսի Հոգին է, որը բնակվում է քո մեջ։

Ո՞վ է Սուրբ Հոգին

Սուրբ Հոգին Աստված է, ճիշտ ինչպես Հայրը և Որդին։ Շփոթություններն ու մոլորություններն առաջանում են այն ժամանակ, երբ մարդիկ չեն վերաբերվում Սուրբ Հոգուն որպես անձի։ Նա անձնավորություն է։ Նա անձ է, որն ունի կամք և զգացմունքներ։

Սուրբ Հոգին ունի այն բոլոր հատկանիշները, որոնք ունեն Հայրը և Որդին։ Նա ամենակարող է, ամենագետ, անփոփոխ և հավիտենական։ Նա Երրորդության երրորդ անձն է։

Ո՞րն է Սուրբ Հոգու նպատակը

Սուրբ Հոգին է քրիստոնյայի կյանքի գլխավոր դերում։ Մի քանի համարներ կարդանք և տեսնենք, թե որն է Սուրբ Հոգու դերն ու կարևորությունը։

Սուրբ Հոգին հանդիմանում է քեզ մեղքի համար և հայտնում, որ Հիսուսի կարիքն ունես (Հովհաննու 16.8-11)։ Աստվածաշունչը բացատրում է, որ առանց Սուրբ Հոգու քրիստոնեությունը մարդկանց անմտություն է թվում (Ա Կորնթացիներին 1.18)։ Քո մտերիմները միգուցե խելամիտ չհամարեն քրիստոնյա դառնալու քո որոշումը։ Դու այդպես չես կարծում, քանի որ Սուրբ Հոգին արդեն հայտնել է քեզ, թե որքան հրաշալի է Քրիստոսի հետ ապրելը։

Սուրբ Հոգին քեզ նոր կյանք է տվել։ Հիսուսն ասում էր, որ մարմնից ծնվածը մարմին է, Հոգուց ծնվածը՝ հոգի (Հովհաննու 3.6)։ Աստծո սերը տարածվում է մեր ներսում Սուրբ Հոգու միջոցով (Հռոմեացիներին 5.5)։ Սուրբ Հոգին մեզ ներքին վստահություն է տալիս, որ փրկված ենք (Հռոմեացիներին 8.16)։

Սուրբ Հոգին քո ուսուցիչն է։ Նա առաջնորդում է քեզ դեպի Աստծո Խոսքի ճշմարտությունը։ Նա բացատրում է Աստվածաշունչը, որպեսզի կարողանաս հասկանալ և կիրառել Աստծո Խոսքի ճշմարտությունները (Հովհաննու 16.13,14)։ Նա է ներգործում և հպվում մարդկանց սրտին, երբ դու պատմում ես նրանց Հիսուսի մասին (Գործք 1.8)։ Նա բարեխոսում է քեզ համար Հոր առաջ անգամ այն ժամանակ, երբ դու չգիտես ինչ և ինչպես աղոթել (Հռոմեացիներին 8.26,27)։

Հիսուսն ուղարկեց Սուրբ Հոգուն, որպեսզի զորացնի քեզ և օգնի ապրել քրիստոնեավայել կյանքով։ Պողոսը գրում է «… Հիսուսին մեռելներից հարուցանողի Հոգին ձեզանում բնակված է...» (Հռոմեացիներին 8.11)։ Միայն Սուրբ Հոգու զորությամբ կարող ես ապրել քրիստոնեավայել կյանք։

Միգուցե մտածում ես, որ Սուրբ Հոգու այցելության կարիքն ունես քո կյանքում։ Եթե դու քրիստոնյա ես, Նա արդեն քո կյանքում է։ «Բայց դուք մարմնով չեք, այլ՝ հոգով, եթե Աստծո Հոգին ձեզանում բնակված է» (Հռոմեացիներին 8.9)։ Թեպետ Սուրբ Հոգին բնակություն է հաստատել քեզանում, բայց դու կարող ես ամբողջությամբ չհանձնվել Նրան։ Նա կարող է բնակվել, բայց չտիրել։

Պողոսը խոսում է երկու տեսակ քրիստոնյաների մասին՝ հոգևոր և մարմնավոր։

1. Հոգևոր քրիստոնյա

Այս տեսակ քրիստոնյան վստահում է Աստծուն, փորձում և փափագում ապրել Աստծուն հաճելի կյանքով և ունի «Քրիստոսի միտքը» (Ա Կորնթացիներին 2.16)։
Հոգևոր քրիստոնյան ընդունել է Քրիստոսին և դարձրել Նրան իր կյանքի առանցքը։ Հոգևոր քրիստոնյան կատարելության չի հասել դեռ և յուրաքանչյուրիս պես բախվում է խնդիրների և փորձությունների, սակայն նա իր կյանքի յուրաքանչյուր խնդրի և հարցի լուծման համար վստահում է Քրիստոսին։ Նա փափագում է հաճեցնել Քրիստոսին և կախված չէ մարդկանց կարծիքներից ու գնահատականներից։

2. Մարմնավոր քրիստոնյա

Այս տեսակ քրիստոնյան ապրում է սեփական ջանքով և մտածելակերպով։ «Եվ ես, եղբայրնե՛ր, չկարողացա ձեզ հետ խոսել ինչպես հոգեւորների հետ, այլ՝ ինչպես մարմնավորների, ինչպես մանուկների հետ Քրիստոսում։ Կաթ խմեցրի ձեզ եւ ոչ թե կերակուր, որովհետեւ տակավին չէիք կարող և հիմա էլ դեռ չեք կարող։ Որովհետեւ տակավին մարմնավոր եք, որովհետև տակավին նախանձ եւ կռիվ եւ բաժանումներ կան ձեզանում։ Չէ՞ որ մարմնավոր եք եւ մարդկորեն եք վարվում» (Ա Կորնթացիներին 3.1-3)։

Մարմնավոր նշանակում է «աշխարհային»։ Մարմնավոր քրիստոնյան ինչ-որ ժամանակ հանձնել է իր կյանքը Քրիստոսին, բայց ապրում է միայն իր և իր կարիքների համար։ Նա կարող է քրիստոնյայի պահվածք ունենալ, բայց Սուրբ Հոգին չի գործում նրա կյանքում կա՛մ գիտակցված անհնազանդության, կա՛մ էլ Սուրբ Հոգու ծառայությունն անտեսելու պատճառով։

Ո՞րն է մարմնավոր և հոգևոր քրիստոնյայի տարբերությունը։ Մարմնավոր քրիստոնյան ունի նույն Քրիստոսին և Սուրբ Հոգուն, նրան հասանելի են նույն հոգևոր զորությունը և շնորհքը։ Պարզապես հոգևոր քրիստոնյան ապավինում է Քրիստոսի զորությանը, իսկ մարմնավոր քրիստոնյան՝ սեփական ջանքին։ Սեփական ջանքով քրիստոնեական կյանքն ապրելն այնքան անպտուղ և անիմաստ է, որքան մեքենան վարելու փոխարեն՝ այն հրելով մի տեղ գնալը։

Առաջնորդվել Հոգով

Աստվածաշունչը խոսում է Հոգով «առաջնորդվելու» մասին, ինչը նշանակում է հնազանդվել Նրա յուրաքանչյուր խոսքին։ Նա առաջնորդում է, մենք հետևում ենք։ Պարզ ճշմարտություն։ Մենք չենք սիրում, երբ մեզ ասում են, թե ինչ պետք է անել, նույնիսկ, երբ Աստված է ասում։ Այնինչ, Սուրբ Հոգով լցվել՝ նշանակում է թույլ տալ Աստծո Հոգուն և Խոսքին կառավարել մեզ։

Ամեն օր ընտրության առաջ ենք։ Թույլ կտա՞նք արդյոք Սուրբ Հոգուն առաջնորդել մեզ, թե՞ կառաջնորդվենք մեկ այլ բանով։ Արդյոք ապագայի նկատմամբ վախը կամ մեր ցանկություններն ու նպատակներն առավել կարևո՞ր են Քրիստոսին հնազանդվելուց։ Երբ Սուրբ Հոգին լցնում է քեզ, Նա ուղղորդում է քո մտքերը և քայլերը։ Դու չես կարող ատել, վախենալ կամ անհանգստանալ, երբ լցված լինես Սուրբ Հոգով։ Դու այլևս տեղ չես ունենա նման երևույթների համար։

«Դրա համար մի՛ եղեք անմիտ, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը։ Եվ մի՛ արբենաք գինով, որ նրանում անառակություն կա, այլ լցվեցե՛ք Հոգով (Եփեսացիներին 5.17)։ Ի տարբերություն ալկոհոլի՝ Սուրբ Հոգու բերած փոփոխությունն արհեստական չէ։ Այն չի փոխվում ժամանակի ընթացքում։ Աստվածաշունչն այս փոփոխությունը կոչում է պտուղ, որն առաջանում է քրիստոսակենտրոն կյանքից։ «Բայց Հոգու պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն. այսպիսիների դեմ օրենք չկա (Գաղատացիներին 5.22-23)։

Ինչպե՞ս կարող եմ լցվել Սուրբ Հոգով

Սուրբ Հոգու կառավարումը մեր ընտրությունն է։ Այն կամավոր է, բայց՝ ոչ մեխանիկորեն։ Մարդիկ չեն արբենում գարեջրի շշերը տեղափոխելով կամ էլ կոնյակի խանութում աշխատելով։ Դու ևս կարող ես շրջապատված լինել շատ քրիստոնյաներով և մի քանի Աստվածաշունչ ունենալ, բայց Հոգով լցված չլինել։

Դու կարող ես աղոթքով հանձնվել Սուրբ Հոգու կառավարմանը։ Ներկայացնում եմ աղոթքի մի օրինակ, որը շատ օգտակար է եղել ինձ համար։

«Սիրելի՛ Հայր, ես Քո կարիքն ունեմ։ Ընդունում եմ, որ ես եմ կառավարել իմ կյանքը և արդյունքում՝ մեղանչել Քո դեմ։ Ես շնորհակալ եմ, որ Դու ներել ես իմ մեղքերը Քրիստոսի խաչի զոհի շնորհիվ։ Ես կրկին հրավիրում եմ Քրիստոսին՝ նստելու իմ սրտի գահին։ Լցրո՛ւ ինձ Սուրբ Հոգով, ինչպես պատվիրել ես և խոստացել լցնել, եթե հավատքով խնդրեմ։ Հիսուսի անունով աղոթեցի։ Որպես հավատքի արտահայտում՝ ես գոհանում եմ իմ կյանքն առաջնորդելու և Սուրբ Հոգով լցնելու համար»։1

Եթե սրտանց աղոթեցիր, ուրեմն Սուրբ Հոգին լցնում է քեզ հիմա, նույնիսկ եթե ոչինչ չես զգում։ «Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի նա, թե ինչ որ նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, թե լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք, որ առնում ենք մեր խնդրվածքները, որ խնդրեցինք Նրանից (Ա Հովհաննու 5.14,15)։

Որոշ մարդիկ Սուրբ Հոգով լցվելը համարում են խորհրդավոր կրոնական փորձառություն։ Այն խորհրդավոր չէ։ Այն հավատքի որոշում է, արձագանք՝ Նրա խոստմանը։ Մի՛ տրվիր զգացմունքներին։

Երեք հարց

Սուրբ Հոգու ծառայությունը կենսական նշանակություն ունի քրիստոնյայի կյանքում։ Միգուցե քո մտքում դեռ չպատասխանված հարցեր կան։ Անդրադառնանք որոշ տարածված հարցերի։

1. Ինչո՞ւ քրիստոնյաների մեծ մասը Հոգով լցված չեն։

Մայքը ևս այս հարցը բարձրացրեց, երբ միասին ճաշում էինք։ Ո՞րն է պատճառը, որ շատ քրիստոնյաներ լցված չեն Հոգով։

Մեկ բառով կարող ենք պատասխանել. պատճառը մեղքն է։ Մենք ընտրում ենք չհնազանդվել Աստծուն։ Սա կարող է հպարտության կամ սեփական կամքը գերադասելու տեսքով լինել։ Մենք թույլ չենք տալիս, որ Աստված վերահսկի մեր ֆինանսները՝ կարծելով, որ մենք ջանասիրաբար աշխատել ենք, և դա մեր փողն է։ Մենք թույլ չենք տալիս Աստծուն վերահսկել մեր հարաբերությունները։ Հաճախ չենք ցանկանում ներել մեզ վիրավորողներին։ Մենք հրաժարվում ենք Աստծուն հանձնել մեր անձնական խնդիրները՝ կարծելով, որ դա ոչ ոքի չի վերաբերում, ներառյալ՝ Աստծուն։ Սա հպարտություն է։ Խոսքն ասում է. «Իրավ, Նա ծաղր անողներին ծաղրում է, իսկ խոնարհներին՝ շնորհք տալիս (Առակաց 3.34)։

Մեղքը կարող է արտահայտվել նաև վախի տեսքով։ Առակաց գրքում կարդում ենք. «Մարդու վախը որոգայթի մեջ է գցում...» (Առակաց 29.25)։ Կա՞ արդյոք մի բան, որը Տերը քեզ ասում է անել, բայց դու վախենում ես մարդկանց կարծիքներից և մերժում Աստծուն։ Իհարկե, հեշտ է այսպես մտածել. «Ես չեմ կարող անել դա։ Ի՞նչ կմտածեն իմ մասին, եթե անեմ։ Աստված չի պարտադրում ինձ»։ Աստված հաճախ նաև պարտադրում է։

Առակաց գրքի վերոնշյալ խոսքը շարունակություն ունի։ Այն ասում է. «...բայց Տիրոջն ապավինողը կապաստանվի»։ Հեշտ է մարդկանց կարծիքը վեր դասել Աստծո կարծիքից, բայց այն հաճելի չէ Աստծուն։ Մենք չենք կարող ապրել բոլորի նման։ Արժե ապրել բոլորից տարբեր, բայց՝ Աստծուն հաճելի։

2. Կարո՞ղ եմ լցվել Սուրբ Հոգով և դեռևս պայքարել մեղքի դեմ

Կախված է նրանից, թե ինչ նկատի ունես՝ «պայքարել մեղքի դեմ» ասելով։ Եթե պարբերաբար տրվում ես մեղքին, Սուրբ Հոգին չի կարող կառավարել կամ լցնել քեզ։ Եթե հարցնում ես՝ «Սուրբ Հոգով լցվելուց հետո հնարավո՞ր է նորից մեղանչել», պատասխանն է՝ այո։

Միգուցե մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ մեղք գործես, զղջաս և խոստովանես։ Դա հոգևոր թուլություն չէ։ Դա վկայությունն է այն բանի, որ Սուրբ Հոգին գործում է քո կյանքում։ Մեղքը գիտակցելը և խոստովանելը նկարագրվում է որպես «հոգևոր շնչառություն»։

Հոգևոր շնչառության մաս է կազմում «արտաշնչելը»՝ խոստովանել մեղքը Տիրոջը։ Դու գիտակցում ես և ընդունում, որ մեղանչել ես և գրավել Տիրոջ տեղը քո կյանքում։ «Արտաշնչելով» դու հեռացնում ես անմաքուր բաները քեզնից և ընդունում Հիսուսի ներումը, որը շնորհված է Նրա խաչի զոհով։

Հաջորդ բաղադրիչը «ներշնչելն» է, որը նշանակում է, որ դու խնդրում ես Աստծուն նորից լցնել քեզ Սուրբ Հոգով և կառավարել քեզ։ Հիշի՛ր, որ Նա չի թողնում քեզ, նույնիսկ երբ մեղք ես գործում։ Մեղանչելով դու դուրս ես գալիս Նրա առաջնորդությունից, խոստովանելով՝ կրկին հետևում ես Նրան։ Դու սովորում ես վստահել Նրան։ Սա ժամանակ է պահանջում։ Մի՛ հուսահատվիր, երբ մեղք ես գործում։ Սովորի՛ր վերականգնվել։

Անցած տարի մեր ամենափոքր երեխան սկսեց քայլել։ Նրանից շատ ժամանակ պահանջվեց։ Իհարկե, նա մի օր չարթնացավ քնից և սկսեց քայլել։ Նրա առաջին քայլերն անվստահ էին և երերուն։ Նա ընկավ փոշոտ տեղեր, սեղանի տակ և նույնիսկ լվացքի զամբյուղի մեջ։ Սակայն երբեք չհանձնվեց։ Նրա քայլերը, ի վերջո, դարձան հաստատուն և վստահ։ Նա երբեմն-երբեմն ընկնում է (ինչպես և նրա ծնողները), բայց շուտ ոտքի է կանգնում։

Մենք երբեք մեղքի հանդեպ լիարժեք դիմադրողականություն ձեռք չենք բերում երկրի վրա. մենք անարատ կլինենք միայն երկնքում։ Հոգևոր հասունությանը զուգընթաց՝ մենք կսկսենք կյանքին նայել Աստծո տեսանկյունից և շատ ոլորտներում անգամ անմեղադրելի կլինենք։ Մենք կսովորենք պայքարել գայթակղության դեմ։ Սակայն, նույնիսկ այդ պարագայում, որոշ հանգամանքներում կարող ենք մեղանչել, որից հետո պետք է վերադառնանք հոգևոր շնչառությանը՝ անկախ նրանից, թե մենք մեկ, թե յոթանասուն տարեկան քրիստոնյա ենք։

3. Ի՞նչ պետք է անել, եթե կյանքս դեռ շատ չի փոխվել։

Երբևէ մտածե՞լ ես, որ գտնվում ես այնպիսի հոգևոր մակարդակում, որն Աստված է ակնկալում։ Քիչ առաջ անդրադարձանք հոգևոր և մարմնավոր քրիստոնյաներին։ Կա նաև երրորդ տեսակը՝ մանուկ քրիստոնյան։ Հիշեք, թե Պողոսն ինչ է գրել կորնթացիներին։ «Եվ ես, եղբայրնե՛ր, չկարողացա ձեզ հետ խոսել ինչպես հոգեւորների հետ, այլ՝ ինչպես մարմնավորների, ինչպես մանուկների հետ Քրիստոսում»։

Մի քանի տարի առաջ այս կորնթացիներից շատերը դարձել էին քրիստոնյա Պողոսի ծառայության շնորհիվ։ Այդ ժամանակ Պողոսը չէր կարող նրանց վերաբերվել որպես հասուն քրիստոնյաների։ Բայց բնականոն հոգևոր աճ ունենալու փոխարեն, Կորնթոսի քրիստոնյաները դարձել էին մարմնավոր։ Եթե ընդամենը մի քանի ամսական քրիստոնյա ես, դու դեռ «մանուկ» ես, ոչ թե մարմնավոր, այլ՝ մանուկ։

Երբ դեռ Միչիգանում էինք ապրում, յուրաքանչյուր սեպտեմբերին ընտանիքով այցելում էինք Թրի Ռիվերս։ Մենք պետք է անցնեինք խիտ տնկված խնձորենիների միջով։ Մենք լցնում էինք մեր զամբյուղները տարատեսակ խնձորներով։

Այգու վերջնամասում մի քանի ծառ կար, որոնց վրա շատ պտուղ չկար։ Ավելի ճիշտ՝ ընդհանրապես պտուղ չկար։ Բայց ծառերը չորացած չէին։ Պարզապես մատղաշ էին։ Որոշները դեռ անգամ հինգ ոտնաչափ բարձրություն չունեին։ Մինչ մնացած հասուն ծառերը ճկվում էին առատ բերքից, այս մատղաշ ծառերը պարզապես ամրանում էին։

Եթե դու այսօր հնազանդվում ես Քրիստոսին, վստահում ես Նրա զորությանը, որ փոխի քեզ, ապա դու ճիշտ ուղու վրա ես։ Մի՛ տառապիր «պտղի» բացակայությունից։ Մատղաշ ծառերը չեն համեմատում իրենց հասուն ծառերի հետ։ Աճը ընթացք է պահանջում, և աճի յուրաքանչյուր փուլ խիստ կարևոր է։

Երբ որ ես հնազանդվում եմ Քրիստոսին և չեմ համեմատվում ուրիշների հետ, ես վայելում եմ իմ ընթացքը։

(1) Աղոթքը վերցված է Բիլ Բրայթի «Բացահայտե՞լ եք արդյոք Հոգով լցված կյանքի հրաշքը» գրքից (Սան Բերնանդինո, Կալիֆորնիա, CCC 1966թ.), էջ՝ 12։